Հաջիևը միաժամանակ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի հետ սահմանի փակման «մեղքը» բարդել է Հայաստանի վրա
Ըստ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի` միաժամանակ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի հետ սահմանի փակման «մեղավորը» Հայաստանն է։ Այս մասին տեղեկանում ենք APA լրատվական գործակալությունից։
«Եղբայրական Թուրքիայի եզրակացությունը միշտ եղել է այն, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է, եթե Հայաստանը դադարեցնի ադրբեջանական հողերի օկուպացիան, հրաժարվի տարածքային հավակնություններից ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի նկատմամբ և, վերջապես, հանդես գա տարածաշրջանում դրական օրակարգով։ Ադրբեջանն ու Թուրքիան մշտապես աջակցել են հարաբերությունների կարգավորմանը և մշտապես դրական ուղերձներ են հղել Հայաստանին։ Հասկանալի է՝ Հայաստանը, գնահատելով տարածաշրջանի ներուժը, պետք է ելնի տարածաշրջանի ներսում խնդիրների լուծման մոտեցումից»,- ասել է Հիքմեթ Հաջիևը։
Նշենք, որ Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակել է Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի դեմ ագրեսիվ պատերազմի սանձազերծումից հետո։
Ավելացնել նոր մեկնաբանություն