Ներկայիս հախուռն արտաքին քաղաքականությունը Հայաստանին դարձնում է տարածաշրջանային «իզգոյ». Արա Պողոսյան
Հայաստանի ներկայիս հախուռն արտաքին քաղաքականությունը Հայաստանին դարձնում է տարածաշրջանային իզգոյ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է քաղաքագետ Արա Պողոսյանը՝ նշելով. «Միշտ, խոսելով այն մասին, որ Իրանը շահակից պետություն է, և պետք է հայ-իրանական հարաբերությունների որակը և բովանդակությունը փոխել, նաև զգուշացնում էի, որ Ադրբեջանը կարող է նման հեռանկարը կանխելու համար Իրանին առաջարկել ավելին, առաջարկել այն, ինչը կմերձեցնի առնվազն կարճաժամկետ հեռանկարում իրանա-ադրբեջանական հարաբերությունները։
Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջին հեռախոսազրույցի մասին երկու կողմերի հայտարարությունները վկայում են, որ առնվազն հրապարակային քաղաքականության մեջ տեղի է ունենում շահերի մերձեցում տարածաշրջանային քաղաքականության մասով։ Երկու կողմերն էլ ըստ էության հանդես են գալիս տարածաշրջանում հարցերի լուծման մեջ երրորդ երկրների միջամտության դեմ։
Սա առաջին հերթին Իրանի դիրքորոշումն է, որը փորձում է կանխարգելել իր համար թշնամի երկրների մուտքը տարածաշրջան։
Ադրբեջանը տարածաշրջանում իրեն երևակայելով որպես Հարավային Կովկասում ռեգիոնալ հեգեմոն, իրեն ավելի ուժեղ և ամուր է զգում Հայաստանի հետ խոսել երկկողմ, կամ գոնե «3+2» ձեւաչափով։
Հայաստանի համար երկու ձևաչափերն էլ մահացու են, որովհետև առանց ռազմական բալանսի վերականգնման Հայաստանը կմնա որպես ռեգիոնալ քաղաքականության օբյեկտ, և ո'չ թե սուբյեկտ։
Արեւմտյան հարթակներն էլ այլեւս հետաքրքիր չեն Ադրբեջանի համար, որովհետև ստանալով Արցախի վերջնական օկուպացիայի լեգիտիմացման հիմքեր, այլեւս չունի հետաքրքրություն։ Ընդ որում, Արեւմուտքը Ադրբեջանին միայն Արցախի կլանման համար էր տվել «կանաչ լույս», ինչն այլեւս չի բավարարում Ադրբեջանին։
Առաջին հայացքից կթվա, թե Հայաստանի համար ստեղծվել է պատային իրավիճակ, բայց դա այդպես չէ»։
Ավելացնել նոր մեկնաբանություն