Բաքուն ժամանակավոր դադար է վերցրել՝ իր հետագա ագրեսիվ քայլերը պլանավորելու համար. Տաթևիկ Հայրապետյան
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան ալիքում գրում է. «Ադրբեջանի Միլլի Մեջլիսը հայտարարություն է ընդունել ԱՄՆ-ի դեմ։ Հայտարարության մեջ, մասնավորապես նշված է․ «ԱՄՆ-ն աջակցել է Ադրբեջանի տարածքում ստեղծված անջատողական ռեժիմին։ ԱՄՆ-ի՝ որպես միջնորդի ներկայիս գործողությունները հանգեցրել են Ադրբեջանում հեղինակության կորստի։ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին լիովին ձախողվել է։ Այս առումով պետք է հատուկ նշել Մերձավոր Արևելքի և Աֆղանստանի հանդեպ տարվող քաղաքականությունը։ Ադրբեջանի Միլլի Մեջլիսը ևս մեկ անգամ հայտարարում է, որ Ադրբեջանը, հիմնվելով միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա, միշտ վճռական է արձագանքելու բոլոր բացասական քայլերին»։
Սա առաջին անգամը չէ, որ բռնապետական Ադրբեջանը իրեն թույլ է տալիս նման կերպ խոսել Միացյալ Նահանգների հետ։ Արցախում էթնիկ զտում իրագործելուց հետո Ադրբեջանի վերաբերմունքը ԱՄՆ-ի հանդեպ կտրուկ փոխվել է։ Իմ համոզումն այն է, որ Ադրբեջանը որևէ թուղթ չի ցանկանում ստորագրել, չի պատրաստվում ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը, ճիշտ հակառակը՝ հիմա ժամանակավոր դադար է վերցրել՝ իր հետագա ագրեսիվ քայլերը պլանավորելու համար։ Իսկ ԱՄՆ-ն ու Արևմուտքը հույս ունեին, որ Ադրբեջանը գալու է և այսպես կոչված «Խաղաղության պայմանագիր» ստորագրի Արցախի հարցը փակելուց հետո։
Արցախում տեղի ունեցածի վերաբերյալ քաղաքական գնահատականների բացակայության պարագայում էլ Բաքվի բռնապետը իրեն թույլ է տալիս արևմտյան գործընկերների հետ խոսել սպառնալիքների լեզվով, քանի որ ինքը կարողացավ մարսել և՛ իր ագրեսիվ քայլերը, և՛ էթնիկ զտումը։ Դա Ադրբեջանին չէր հաջողվի, եթե ՀՀ-ում գործեր կոմպետենտ ու պետական շահը սպասարկող իշխանությունը, բայց քանի որ դա դեռևս չունենք, ուստի Ադրբեջանը գնաց հենց շարունակական ագրեսիայի ճանապարհով։
Հիմա էլ՝ անգամ այս բարդ իրավիճակում ՀՀ-ն ունի հնարավորություններ թե՛ Արցախի հիմնահարցը վերահասցեավորելու, թե՛ ՀՀ անվտանգային հարցերին ավելի համալիր լուծումներ տալու տեսանկյունից։ Բայց կրկնում եմ, դա հնարավոր է միայն տեսլական ունեցող ու պրոֆեսիոնալ թիմի պարագայում»։
Ավելացնել նոր մեկնաբանություն