41

Բաքուն հերթական անգամ փորձում է խառնել բանակցային հարթակները և օրակարգերը. Արմեն Պետրոսյան

Բաքուն փորձում է  հենց Հայաստանի ձեռամբ հարթել իր նախկին՝ նույն քաղաքականության առջև ծագած խորդուբորդները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է տարածաշրջանային հարցերի փորձագետ Արմեն Պետրոսյանը՝ մանրամասնելով.

«Հայաստանի հետ ուղիղ բանակցություններ վարելու վերաբերյալ Ադրբեջանի առաջարկը Բաքվի վարչակարգի հերթական փորձն է  բանակցային հարթակները և օրակարգերը խառնելու։ Դրա նպատակը Հայաստանին մոլորեցնելով արևմտյան հարթակներում ձեռք բերված պայմանավորվածություններից խուսափելն է և Արևմուտքից նկատվող հասցեական ուղերձներին նաև հնարավոր գործողություններին հակազդելու նոր մեխանիզմներ  նախաձեռնելը։

Ընդհանուր առմամբ, միանշանակ է, որ բանակցությունների երկկողմ  ձևաչափը Ադրբեջան-Հայաստան խնդիրների լուծման լավագույն  հարթակը կարող էր լինել, եթե Բաքուն ի սկզբանե ունենար կառուցողական դիրքորոշում և իրական խաղաղությանը միտված  նպատակներ։ Բայց քանի որ Ադրբեջանի նպատակներն առավելապաշտական են, դիրքավորումը՝ ոչ փոխզիջումային՝  որպես օրինակ՝ Արցախի ամբողջական  օկուպացիան ու էթնիկ զտումը, Հայաստանից տարածքային, ռեսուրսային և լոգիստիկ հնարավոր առավելագույն զիջումներ ստանալու փորձերը, բնական է, որ Բաքուն ընտրել էր ոչ կառուցողական, հետևաբար, նաև տարածաշրջանում առանց այն էլ ծայրաստիճան աճած թշնամանքի և անվստահության մթնոլորտն ավելի խորացնող գործիքակազմ՝ բանակցությունները (մոլորեցում, շանտաժ)ռազմական ուժի հետ համադրելու  տարբերակը։

Իսկ ներկայում,  քանի որ Ադրբեջանի նպատակները բնականաբար չեն փոխվել, և հատկապես աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրողություններով պայմանավորված՝ ռազմական ուժ կիրառելու հնարավորությունները նույնպես դեռևս առկա են, բայց ավելի խնդրահարույց, հետևաբար Բաքուն փորձում է  հենց Հայաստանի ձեռամբ/աջակցությամբ հարթել իր նախկին՝ նույն քաղաքականության առջև ծագած խորդուբորդները»։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն