Submitted by detq-editor on
tgyhe5u

Բլինքենը և Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Բլինքենի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ալիևը հայտարարել է, որ «Ադրբեջանի նկատմամբ ԱՄՆ-ի վերջին հայտարարությունները և ձեռնարկած քայլերը լուրջ վնաս են հասցրել ադրբեջանա-ամերիկյան հարաբերություններին»:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի՝ Ալիևը կողմնակալ է համարել ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենի՝ նոյեմբերի15-ին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի լսումներում արտահայտած կարծիքները՝ շեշտելով, որ «դրանք չեն արտացոլում իրականությունը»։

Ընդգծելով, որ ադրբեջանական կողմը հաշվի է առել Բաքվի հետ կապված ԱՄՆ հայտարարությունները երկկողմ հանդիպումները և բարձր մակարդակի շփումները չեղարկելու հարցում, Ալիևն ասել է, որ իրենց երկկողմ հարաբերությունները չեն կարող նախկինի պես լինել, և դրան համարժեք պատասխան է տրվել։

Բլինքենը խնդրել է թույլ տալ դեկտեմբերին Ադրբեջան այցելել ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենին՝ հարաբերությունների կարգավորման նպատակով։ Նախագահ Իլհամ Ալիևը համաձայնվել է այս առաջարկին` պայմանով, որ «այդ այցից հետո կհանվի Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց` ԱՄՆ այցելությունների չհիմնավորված արգելքը»։ Պետքարտուսար Բլինքենն ընդունել է դա։

Նշվել է, որ Ալիևն ու Բլինքենը մտքեր են փոխանակել նաև նոյեմբերի 30-ին սահմանային գոտում նախատեսված հայ- ադրբեջանական սահմանային հանձնաժողովի նիստի վերաբերյալ:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն