Ֆրանսիան մտահոգված է Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է՝ տարածաշրջանում լարվածության պայմաններում Փարիզն անհանգստացած է իրանական միջուկային ծրագրի զարգացմամբ։ Ըստ «Դետք»-ի՝ ֆրանսիական «France-24» լրատվական գործակալությունը հայտնում է, որ այս մասին Մակրոնն ասել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ հանդիպման ժամանակ։
«Պետության ղեկավարը հիշեցրել է, որ Ֆրանսիային անհանգստացնում է Իրանի միջուկային ծրագրի զարգացման ներկայիս հետագիծը տարածաշրջանային անկայունության համատեքստում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ Մակրոնը և Գրոսսին ընդգծել են՝ Թեհրանը պետք է լիարժեք ծավալով փոխգործակցի ՄԱԳԱՏԷ-ի հետ և միջազգային հանրությանը երաշխավորի, որ Իրանի միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ ունի:
Հիշեցնենք, որ 2015 թվականին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 5 մշտական անդամները և Գերմանիան Իրանի հետ ստորագրել էին Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը, որը նպատակաուղղված էր հաղթահարելու Թեհրանի միջուկային մշակումների շուրջ ստեղծված ճգնաժամը: Փաստաթուղթը նախատեսում էր պատժամիջոցների աստիճանական վերացում, որի դիմաց Իրանը պարտավորվում էր սահմանափակել իր միջուկային գործունեությունը։ Սակայն 2018 թվականին այն ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում կայացրեց միակողմանիորեն դուրս գալ այդ համաձայնագրից, իսկ ներկայիս ղեկավար Ջո Բայդենը բազմիցս հայտնել է, որ պատրաստ է Վաշինգտոնին վերադարձնել միջուկային գործարքին։
#Դետքի_հետագծով
Չնայած Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան 2021 թվականի ապրիլից Վիեննայում բանակցություններ էին վարում Իրանի հետ ԳՀՀԾ-ն իր սկզբնական ձևով վերականգնելու շուրջ, այնուամենայնիվ առ այս պահը կողմերին չի հաջողվել վերականգնել գործարքը։ Միևնույն ժամանակ արևմտյան երկրները ձգտում են Իրանի միջուկային ծրագիրը պահել վերահսկելիության տիրույթում, որի լավագույն տարբերակը համաձայնագրի վերականգնումն է, և նշված զարգացումները պետք է դիտարկել հենց այս համատեքստում։
Ավելացնել նոր մեկնաբանություն