Submitted by D.Guyumjyan on
DETQ

Իրանի գերագույն առաջնորդը կարծում է, որ նոր Մերձավոր Արևելք ստեղծելու ԱՄՆ-ի ծրագրերը ձախողվել են

Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին կարծում է, որ Միացյալ Նահանգները չկարողացավ կյանքի կոչել  «նոր Մերձավոր Արևելք» ստեղծելու և տարածաշրջանում իր քաղաքական նպատակներին հասնելու ծրագրերը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Խամենեին շեշտել է, որ ԱՄՆ-ն ցանկանում էր ոչնչացնել «Հիզբոլլահ»-ը, սակայն վերջինս այժմ 10 անգամ ավելի ուժեղ է։ 

«Նրանց չհաջողվեց կլանել Իրաքն ու Սիրիան, և նրանք չկարողացան լուծել պաղեստինյան հակամարտությունը բռնապետական ռեժիմի շահերին համապատասխան՝ օգտագործելով երկերեսանի «երկու պետությունների» սկզբունքի վրա հիմնված նենգ լուծումը»,- ասել է նա։

Իրանի գերագույն առաջնորդը հավելել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման իրականացրած «Ալ-Աքսայի փոթորիկ» գործողությունը «պատմական իրադարձություն» էր, և դրա նպատակը նաև տարածաշրջանի «ապաամերիկանացումն» էր։ Նա ասել է, որ ՀԱՄԱՍ-ի հարձակումը փոխել է ԱՄՆ քաղաքականության բնույթը Մերձավոր Արևելքում, ապա հույս հայտնել, որ այդ քաղաքականությունն առհասարակ կոչնչանա։

#Դետքի_հետագծով

Հոկտեմբերի 7-ից մեկնարկած ՀԱՄԱՍ-Իսրայել զինված հակամարտության ընթացքում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը զգալի վնասներ է պատճառել Իսրայելին հիմնականում Իրանի և վերջինիս դաշնակից մուսուլմանական երկրների տրամադրած աջակցության շնորհիվ։ Իրանի ցուցաբերած աջակցությունը նախևառաջ պայմանավորված է տարածաշրջանում սեփական ազդեցությունը պահպանելու ջանքերով, ինչը, կարող ենք փաստել, Թեհրանին հաջողվել է, և այժմ վերջինս կողմնակից է, որպեսզի հրադադարի ռեժիմը պահպանվի։
 

Ավելացնել նոր մեկնաբանություն