Submitted by D.Guyumjyan on
դետք

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովն Իսրայելին հորդորում է դուրս գալ օկուպացված Գոլանից

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովն ընդունել է բանաձև, որն Իսրայելին կոչ է անում ազատել oկուպացված Գոլանի բարձունքները։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ փաստաթղթին կողմ է քվեարկել 91 երկիր, այդ թվում՝ Հայաստանը, Ռուսաստանը, Բրազիլիան, Հնդկաստանը, Չինաստանը և Սաուդյան Արաբիան։ Դրան դեմ է արտահայտվել ութ երկիր, այդ թվում՝ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան, ևս 62 երկիր ձեռնպահ է մնացել։

Բանաձևի համահովանավորներն են Ալժիրը, Վենեսուելան, Եգիպտոսը, Հորդանանը, Իրաքը, Կատարը, Հյուսիսային Կորեան, Կուբան, Քուվեյթը, Լիբանանը, Մավրիտանիան, ԱՄԷ-ն, Սիրիան և Թունիսը։

Փաստաթուղթը բաղկացած է ութ կետից, որից առաջինը հայտարարություն է այն մասին, որ Իսրայելը դեռ չի կատարել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1981 թվականի 497 բանաձևը, որը երկրից պահանջում է չեղյալ համարել Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի իրավասություն սահմանող օրենքը։

Բացի դրանից՝ բանաձևը պահանջում է, որ Իսրայելը, Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի համաձայն, ամբողջապես դուրս գա օկուպացված սիրիական Գոլանից մինչև այն սահմանագիծը, որը գոյություն ուներ 1967 թվականի հունիսի 4-ի դրությամբ։ Բանաձևում նաև ասվում է, որ սիրիական Գոլանի շարունակական օկուպացիան և դրա փաստացի բռնակցումը խոչընդոտ են տարածաշրջանում արդար, համապարփակ և կայուն խաղաղության հասնելու ճանապարհին:

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը Իսրայելին կոչ է արել վերսկսել բանակցությունները սիրիական և լիբանանյան կողմերի հետ ու հարգել նախորդ բանակցությունների ընթացքում ձեռք բերված պարտավորություններն ու երաշխիքները:

#Դետքի_հետագծով

Գոլանի բարձունքները, որոնք պատկանում են Սիրիային, գրավվել են Իսրայելի կողմից 1967 թվականի վեցօրյա պատերազմի ժամանակ։ 1981 թվականին Իսրայելի խորհրդարանն ընդունել է օրենք, որը միակողմանիորեն հռչակել է հրեական պետության ինքնիշխանությունն այս տարածքի վրա։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1981 թվականի դեկտեմբերի 17-ի 497 բանաձևն անվավեր է ճանաչել բռնակցումը, սակայն Իսրայելն առ այսօր հրաժարվում է ապաօկուպացնել այդ տարածքը։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն