Submitted by D.Guyumjyan on
դետք

Էրդողանը ցանկանում է ցմահ իշխանության մնալ․ հունական պարբերական

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է 2028 թվականից հետո ևս 2 անգամ վերընտրվել նախագահի պաշտոնում, եթե իր նախաձեռնելիք սահմանադրական հնարավոր փոփոխություններն իրականացվեն։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է հունական «Kathimerini» պարբերականը։

Հաղորդվում է, որ Էրդողանը ցանկանում է «ցմահ լինել Թուրքիայի նախագահ»։ Նա այս փոփոխությունների միջոցով ցանկանում է այլևս հույս չդնել ազգայնականների հետ համագործակցության վրա՝ դրանով իսկ ազատվելով հավասարակշռող ուժերից։

Թուրքիայի նախագահը, որը 2003 թվականից ղեկավարում է երկիրը, արդեն իսկ հանրությանը ներկայացրել է ընտրական օրենսգրքում և սահմանադրությունում իր կողմից նախընտրելի փոփոխություններն ու քննադատել նախագահական ընտրություններում 50+1 տոկոս ձայն հավաքելու դրույթը։

Էրդողանը, որն այժմ ունի բարձր ժողովրդականություն, չնայած Իսրայելի հարցում իր կոշտ հռետորաբանությանը, ջանքեր է գործադրում Արևմուտքի հետ հարաբերություններն ամբողջությամբ չխզելու համար՝ հանդիպման հրավեր ակնկալելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից։

#Դետքի_հետագծով

Թուրքիայի գործող սահմանադրության համաձայն՝ 2028 թվականին, երբ կլրանա Էրդողանի պաշտոնավարման ժամկետը, վերջինս այլևս չի կարողանա առաջադրվել պետության ղեկավարի պաշտոնում, ուստի հնարավոր սահմանադրական փոփոխություններն ուղղված են այս արգելքը վերացնելուն։ Մինևույն ժամանակ խիստ կասկածելի է, թե արդյոք Էրդողանին կհաջողվի՞ պաշտոնավարել անգամ մինչև 2028 թվականը, քանի որ վերջինս ունի չափազանց լուրջ առողջական խնդիրներ։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն