65

Բանակի և զինվորականի հետ կապված ամեն բան ոչնչացվում է, այդ թվում՝ համազգեստը

Օրերս համացանցում հայտնվել էր տեսանյութ, որում մի տղամարդ մոտենում է Երևանում առաքման ծառայություններից մեկի աշխատակից Հնդկաստանի քաղաքացիներին, որոնցից մեկի հագին ՀՀ ԶՈՒ նախշերով զինվորական համազգեստ է՝ առանց տարբերանշանների: Տղամարդը հայհոյանքներով, վիրավորական խոսքերով հնդիկ երիտասարդին հրամայում է հանել բաճկոնը՝ ասելով, որ այն աշխատանքային համազգեստ չէ: Հնդիկ երիտասարդը կատարում է պահանջը:
Ավելի ուշ Հնդկաստանի քաղաքացի առաքիչը դեպքի հետ կապված գրառում է արել՝ տեղեկացնելով, որ այդ բաճկոնը գնել է «կիրակնօրյա շուկայից» ու չի իմացել, որ որևէ վատ բան է արել։ 

ՀՀ ԶՈՒ զինվորական համազգեստի՝ ազատ վաճառքի հետ կապված խնդիրը քննարկվում է արդեն երկար տարիներ, սակայն մինչ օրս լուծում չի ստացել: Ամբողջական զինվորական համազգեստ կամ համազգեստի տարբեր տարրեր ազատ վաճառվում են բազմաթիվ վայրերում։ Հարց է առաջանում՝ այդ դեպքում ո՞վ իրավունք ունի այն գնելու և կրելու, ո՞վ է որոշողն ու իրավունք տվողը։ 

Զինվորական համազգեստի կրումը տարբեր պետություններում օրինակարգվում է հստակ օրենսդրական ակտերով: Շատ դեպքերում անգամ բարձրաստիճան սպաներն իրավունք չունեն ծառայությունից դուրս, առօրյա կյանքում կրելու զինվորական համազգեստ։ Հայաստանում խնդրին անդրադարձ է եղել այս տարվա գարնանը: 

Ապրիլին խորհրդարան էր ներկայացվել «ՀՀ ԶՈՒ կարգապահական կանոնագիրք» ու «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծը, որում անդրադարձ կար նաև համազգեստի խնդրին: Ներկայացնելով օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծը՝ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը նշել էր, որ այսուհետ վարչական պատասխանատվության կենթարկվի այն անձը, որը կրում է զինվորական համազգեստ, սակայն դրա իրավունքը չունի։ Նա հայտնել էր, որ արգելքը վերաբերելու է տվյալ պահին կառավարության սահմանած զինվորական համազգեստին: 

Պաշտպանության փոխնախարարը նաև հայտնել էր, որ առաջիկայում փոխվելու է ԶՈՒ համազգեստը․«Մենք արդեն նախաձեռնել ենք համազգեստի փոփոխություն։ Գործընթացը սկսված է, ամբողջությամբ վերանայվում է. մոտ ապագայում ունենալու ենք նոր համազգեստ»։

Համազգեստի խնդրին կրկին անդրադարձ եղավ նոյեմբերի 15-ին՝ ԱԺ-ում Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ նախարարությունն այս տարի նախաձեռնել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համազգեստի փոփոխություն։ «Ուզում եմ ուշադրություն հրավիրել առ այն, որ դա լոկ մի հագուստի գույնը մյուսով փոփոխելու նախաձեռնություն չէ, դա նաև բովանդակային փոփոխություն է։ Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դա պետք է հանրության կարծիքն արտահայտի, զինվորականի հագուստը որակապես պետք է լինի շատ բարձր, հարմարավետ և համապատասխանի ներկա միջազգային չափորոշիչներին իր բոլոր բաղադրիչներով»,- ասել էր նախարարը: 

Նոր համազգեստը դեռ պատրաստ չէ, հինը շարունակում է մնալ ազատ վաճառքում, այն կրելու համար վարչական տուգանքի մասին էլ, կարծես, չի խոսվում: 

Արդյո ՞ք սա չի նշանակում, որ նպատակային արժեզրկվում են զինվորականի համազգեստը, զինվորականի կերպարը՝ հարց ուղղեցինք ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանին: Մեր զրուցակիցը նշեց, որ խնդիրը շատ ավելի ընդգրկուն է և սկիզբ է առել դեռ 2018-ին: 

«Նախ նշեմ՝ այդ համազգեստը համարվում է զինվորական, երբ դրա վրա առկա է տարբերանշան՝ կոչումների հետ կապված, զորատեսակների: Օրինակ՝ նախկինում գլխարկի վրա ՀՀ զինանշանն էր, հետո դա փոխարինվեց Զինված ուժերի զինանշանով: Այսինքն՝ զինվորական համազգեստ կոչվածն անպայման պետք է ունենա այդ ատրիբուտները: 

Նախկինում՝ նախորդ իշխանությունների ժամանակ, որոշակի վարչական մոտեցումներ էին հանդես բերում ԶՈՒ համազգեստի վաճառքի հարցում: Այն վայրերում, որտեղ վաճառվում էին այդ համազգեստները կամ դրանց ատրիբուտները, Ռազմական ոստիկանությունը որոշակի վերահսկողություն էր սահմանում՝ թույլ չտալով դրանց մեծածավալ վաճառք: 

Իսկ հիմա այդ համազգեստը պատեհ ու անպատեհ առիթներով օգտագործում են, օրինակ, վարչապետը և իր ընտանիքի անդամները: Համազգեստն ունի ոչ միայն կիրառական նշանակություն, համազգեստի վրա երբ տարբերանշաններ ու զինանշան են դնում, և մի զինվորականը մյուսին ստորադասությամբ պատվի է արժանացնում, իրականում ոչ թե այդ համազգեստի կտորին են պատվի առնում, այլ, ասենք, գլխարկի վրայի զինանշանին՝ որպես ՀՀ կարևորագույն խորհրդանիշներից մեկին: Հիմա, երբ արժեզրկվում են խորհրդանիշները, զինանշանները, համազգեստը, որի վրա պետք է տարբերանշաններ ու զինանշան լինեն, դառնում է սովորական կտոր, քանի որ մարդկանց մեջ համազգեստի, զինանշանի, պետության, բանակի ընկալումն աստիճանաբար վերացվում է:

Կամ, ասենք, հայրենիքի սահմանները պահպանող անձանց արժեզրկեցին՝ քարոզելով, թե  իրենք զոհվել են հանուն ոչնչի: Այսինքն՝ հայրենիքը ոչինչ էր: Մահացու հարվածը հասցվեց 2018 թվականին, երբ սկսվեց այսպես ասած խաղաղության քարոզ, որը ոչ այլ ինչ էր, քան հայրենիքի, հայրենիքի պաշտպանի և նրա հետ կապված ամեն մի տարրի, այդ թվում՝ համազգեստի արժեզրկում: 

Այսինքն՝ այն, ինչ հիմա քննարկում եք, ընդամենը հետևանք է: Պատճառը շատ ավելի խորքային է, պատճառը օրվա իշխանության որդեգրած քաղաքականությունն է, ըստ որի՝ մեծ հաշվով Հայաստանի Հանրապետությանը կարող է նաև բանակ անհրաժեշտ չլինել: Արդյունքում հիմա բանակի հետ ասոցացվող, զինվորականի և սպայի հետ ասոցացվող ամեն բան ոչնչացվում է, այդ թվում՝ համազգեստը»,- նշեց մեր զրուցակիցը:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն