Submitted by D.Guyumjyan on
դետք

Իրանը, ՌԴ-ն և Չինաստանը ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն

Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի հրամանատար Շահրամ Իրանին հայտարարել է, որ Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ զորավարժություններին որպես դիտորդներ հրավիրված են նաև Պակիստանը, Բրազիլիան, Օմանը, Հնդկաստանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը և կասպյան շրջանի մի քանի այլ երկիր։

Իրանին հայտնել է, որ երկրի ամենախոշոր ծովային շրջանում՝ Ջասկում, կանցկացվի հիմնական փուլը տասնօրյա ժամկետով, իսկ մինչև տարեվերջ այս շրջանում կտեղակայվեն ծանր և մեծ հզորություն ունեցող ստորաբաժանումներ։

«Հաշվի առնելով ծանր նավերի թվաքանակի ավելացումը երկրում՝ մենք ծրագրում ենք ստեղծել ավելի խոշոր ծովային գոտի Կոնարկի շրջանում»,- ասել է նա։

Իրանցի պաշտոնյան հավելել է, որ Կասպից ծովում առևտրային փոխանակումների ծավալը, ինչպես նաև նավագնացության նկատմամբ մոտեցումը փոխվել է, իսկ ականակրի կառուցումը նույնպես կարող է օգնել Իրանի առևտրի ոլորտին։

#Դետքի_հետագծով

Իրանը կարևորում է գործընկեր երկրների հետ հարաբերությունների և փոխգործակցության խորացումը, այդ թվում` ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում։ Այս երկրների շարքում առանցքային դեր են զբաղեցնում Ռուսաստանը և Չինաստանը, որոնց հետ վերջին տարիներին մի շարք զորավարժություններ են անցկացվել։
 

Ավելացնել նոր մեկնաբանություն