Եթե Հայաստանը ունակ լիներ խելացի աշխատել, ապա Ալիևի հայտարարությունը կդառնար ուղղակի գլխացավանք Ադրբեջանի համար
ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան ալիքում անդրադարձել է Ալիևի վերջին հայտարարությանն այն մասին, թե իրենք արդեն խաղաղություն են հաստատել տարածաշրջանում, դա արել են ռազմական ճանապարհով՝ ցույց տալով, թե ինչպես կարելի է խաղաղության հասնել ռազմական ուժի միջոցով։
Ադրբեջանագետը նշել է. «Երբ մենք առավոտից երեկո ասում ենք, որ պատերազմական ճանապարհով ստեղծված իրողությունները քաղաքական հարթակում ամրագրելը բերելու է ագրեսիայի «արդարացման» ու նորանոր ագրեսիաների, հենց սրա համար ենք ասում։ Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքով Ալիևը հպարտանում է պատերազմով, կոչ անում հարցերը լուծել հենց ռազմական ճանապարհով ու այսքանից հետո Հայաստանի իշխանությունները փորձում են համոզել, որ որևէ թղթի ստորագրումը կարող է խաղաղություն բերել, ի՞նչ խաղաղություն, երբ Ադրբեջանը ասում է, որ չկա միջազգային իրավունք, կա ուժ ու ուժով կլուծվեն հարցերը։
Հայաստանը մի դեպքում կարող է խաղաղության հասնել, երբ թույլ չտա ռազմական ճանապարհով հասնել որևէ լուծման, երբ շարունակի անգամ անհաջողությունից հետո պայքարել սեփական իրավունքների համար, երբ Ալիևը հասկանա, որ ուժով հարց չի լուծելու, այդ ժամանակ էլ բանակցությունները կարող են իմաստավոր լինել։
Եթե Հայաստանը ունակ լիներ խելացի աշխատել, ապա Ալիևի այս հայտարարությունը կդառնար ուղղակի գլխացավանք Ադրբեջանի համար, այս հայտարարությամբ Ադրբեջանը ցույց է տալիս, որ ինքը սպառնալիք է ոչ միայն Հարավային Կովկասի, այլ համաշխարհային կայունության համար»։
Ավելացնել նոր մեկնաբանություն