Իրանը նորագույն կենսատիեզերական պարկուճ է ուղարկել տիեզերք
Իրանը տեղական արտադրության «Սալման» տանող հրթիռի միջոցով հաջողությամբ տիեզերք է արձակել կենսատիեզերական պարկուճ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ արձակումը համապատասխանում է տիեզերք մարդ ուղարկելու ծրագրի իրականացմանը։ Պարկուճն արձակվել է երկրի մակերևույթից 130 կիլոմետր բարձրությամբ՝ անհրաժեշտ տեխնոլոգիաների մշակման և ձեռքբերման նպատակով։
Նշվում է, որ 500 կիլոգրամ զանգված ունեցող պարկուճը Իրանի տիեզերական գործակալությունը պատվիրել է գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարության օդատիեզերական հետազոտությունների ինստիտուտին։ Վերջինս իր հերթին պարկուճն արտադրել է սահմանված ժամկետում։
«Սալման» արձակման կայանքն արտադրում է Իրանի պաշտպանության նախարարության օդատիեզերական արդյունաբերության կազմակերպությունը։
#Դետքի_հետագծով
Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները կարևորում են նաև տիեզերքում երկրի դիրքերի ամրապնդումը, որը հնարավոր ռազմական գործողությունների դեպքում կարող է գերակայություն ապահովել։ Հենց այս նպատակով էլ կենսատիեզերական պարկուճն արձակվել է տիեզերք, ինչի համար տևական ժամանակ աշխատանքներ են կատարվել։
Ավելացնել նոր մեկնաբանություն