Submitted by D.Guyumjyan on
detq

Թեհրանն ու Բաքուն ձգտում են հավասարակշռված հարաբերություններ ունենալ․ Աբդոլլահիան

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Մոսկվայում հանդիպում է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ հանդիպումը կայացել է Մոսկվայում ընթացող Կասպից ծովի ափամերձ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման շրջանակում, որի ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Աբդոլլահիանը շեշտել է, որ երկու երկրների հարաբերությունները ճիշտ ուղու վրա են, և երկու կողմերը ձգտում են բոլոր ոլորտներում զարգացնել փոխգործակցությունը. «Թեհրանն ու Բաքուն ձգտում են հավասարակշռված հարաբերություններ ունենալ տնտեսական, մշակութային, քաղաքական, անվտանգության և զբոսաշրջության ոլորտներում, իսկ այն ոլորտներում, որտեղ առաջընթացի արագությունն ավելի դանդաղ է եղել, աշխատանքն ավելի արագ կշարունակվի»։

Իրանցի բարձրաստիճան դիվանագետը հիշեցրել է նաև վերջերս երկու երկրների նախագահներ Էբրահիմ Ռայիսիի և Իլհամ Ալիևի հանդիպումը։ Նրա խոսքով՝ երկու երկրների իշխանությունները լավ պայմանավորվածություն են ձեռք բերել տնտեսական ոլորտում հարաբերությունների համապարփակ զարգացման, միջանցքների բացման, առևտրային համագործակցության վերաբերյալ։

#Դետքի_հետագծով

Թեհրանը մշտապես դեմ է եղել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գործարկմանը, քանի որ այն, բացի Հայաստանից, սպառնում է նաև Իրանի Իսլամական Հանրապետության շահերին։ Չնայած Թեհրանը կողմ է տարածաշրջանային հաղորդակցությունների բացմանը, սակայն վերջինս բազմիցս պնդել է, որ դա պետք է տեղի ունենա բացառապես պետությունների ինքնիշխանության նկատմամբ հարգանքի շրջանակում։

Ավելացնել նոր մեկնաբանություն