Թուրքիան ցանկանում է Հունաստանի հետ խնդիրները լուծել բարիդրացիական քաղաքականության հիման վրա. Էրդողան
70 տարվա ընթացքում Էրդողանը Թուրքիայի երկրորդ նախագահն է, որ այցով մեկնել է Հունաստան: Նա Աթենքում հանդիպել է Հունաստանի վարչապետի ու Հունաստանի նախագահի հետ։ Թուրքիայի նախագահը մասնակցելու է նաև թուրք-հունական ռազմավարական խորհրդի նիստին։
Հունաստանի վարչապետ Միցոտակիսի հետ համատեղ ասուլիսում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հանձնառությունն է հայտնել երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացին:
«Թուրքիան մտադիր է Հունաստանի հետ առկա խնդիրները լուծել կառուցողական երկխոսության և միջազգային իրավունքի շրջանակում` համատեղ ջանքերի միջոցով»,- ընդգծել է Էրդողանը:
Թուրք առաջնորդը նշել է, որ Հունաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ կողմերը մտքեր են փոխանակել Էգեյան և Արևելյան Միջերկրական ծովում դիրքերի հարցի շուրջ և իրենց արտգործնախարարներին հանձնարարել քննարկել հետագա քայլերը։
«Մենք ցանկանում ենք Էգեյան ծովը վերածել խաղաղության և համագործակցության ծովի: Մենք ցանկանում ենք օրինակ լինել ողջ աշխարհի համար Թուրքիայի և Հունաստանի համատեղ քայլերով»,- հավելել է Էրդողանը։
Անդրադառնալով Կիպրոսի խնդրին` Թուրքիայի նախագահը նշել է, որ դրա արդար և վերջնական լուծումն օգուտ կբերի ողջ տարածաշրջանին. «Մեր միջև չկա որևէ խնդիր, որը չլուծվի»։
Ավելացնել նոր մեկնաբանություն