Այն, ինչ անում է Ֆրանսիան, սադրանք է. Էրդողան
«Այն, ինչ անում է Ֆրանսիան, սադրանք է։ Ֆրանսիան պետք է իմանա, որ Հայաստանին լավություն չի անում, ճիշտ հակառակը՝ վատություն է անում։ Նախկինում Ֆրանսիան մեծ աջակցություն էր ցուցաբերում Հայաստանին։ Ի՞նչ արդյունք են նրանք ստացել, ո’չ մի»,- Հունաստանից վերադառնալիս հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը` պատասխանելով լրագրողների հարցերին։
«Ֆրանսիան Մինսկի եռյակի մաս է կազմում։ Գործը վերջացել է, արդյունք չի կարողացել ստանալ, երբ իրավիճակն այսպիսին է, կրկին Հայաստանին է սադրում։ Եթե զրահապատ փոխադրամիջոցներ ուղարկես, ի՞նչ կանի։ Այդտեղից արդյունք չես կարող ստանալ, քանի որ արդեն այդտեղ իր տարածքում օկուպացմանը վերջ դրած մի Ադրբեջան կա»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։
«Ղարաբաղի արդյունքը հայտնի է։ Հիմա այս ռազմական փոխադրամիջոցներն ուղարկելու ես, ի՞նչ ես ստանալու։ Ավելի վաղ Հայաստանին ուղարկված տանկերը, հրանոթները, հրացաններն անցան Ադրբեջանի ձեռքը։ Ոչ թե ինչ-որ արդյունքի են հասնելու, ուղղակի Հայաստանին են խաբում։ Հայաստանի ղեկավարությունը մոտ անցյալում տեղի ունեցածներից պետք է դաս քաղի և այս սադրանքներին չպետք է տրվի»,- հավելել է նա։
Էրդողանն ընդգծել է, որ «Ադրբեջանի հետ խաղաղ հարաբերությունները լավագույն տարբերակն են Հայաստանի համար»։
Ավելացնել նոր մեկնաբանություն