Submitted by D.Guyumjyan on
դետք

Խաղաղության պայմանագրի ստորագրման առիթով լավատեսությունը տարեվերջին նվազել է․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատասխանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության վերաբերյալ հարցին։ Ըստ «Դետք»-ի՝ Ալիևն այս մասին ասել է «Եվրոնյուզ» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Ես լավատեսորեն էի տրամադրված ժամկետների հարցում, քանի որ մենք մի քանի անգամ Հայաստանի հետ առաջարկություններ ենք փոխանակել խաղաղության պայմանագրի նախնական նախագծի վերաբերյալ, որն Ադրբեջանն ինքն է մշակել։ Դրանից հետո վեց անգամ տեղի է ունեցել նկատառումների փոխանակում երկու երկրների միջև։ Եվ երբ ես այս մասին վերջին անգամ ասել եմ «Եվրոնյուզում», ապա հուսով էի, որ Հայաստանը չի ձգձգի մեր մեկնաբանությունների գնահատման գործընթացը։

Դրանցից վերջինները մենք ուղարկել ենք սեպտեմբերի 11-ին, իսկ մեկնաբանությունների պատասխանը ստացել ենք միայն երկու օր առաջ։ Այսինքն՝ մոտ երկուսուկես ամիս նրանք գնահատել են պայմանագրի նախագիծը՝ կազմված մի քանի էջից։ Դա նշանակում է, որ նրանք ցանկանում են արհեստականորեն ձգձգել գործընթացը։

Հիմա արդեն դեկտեմբերի սկիզբն է։ Իհարկե, խաղաղության հասնելու և խաղաղության պայմանագրի ստորագրման առիթով լավատեսությունը տարեվերջին նվազել է։ Բայց, կարծում եմ, ժամկետներն այստեղ այնքան էլ կարևոր չեն։ Կարևոր է երկու երկրների օրակարգը։ Հենց Ադրբեջանն է ենթարկվել օկուպացիայի և էթնիկ զտման։ Միլիոնավոր ադրբեջանցիներ տեղահանվել են Հայաստանի կառավարության կողմից, իսկ մոտ 15 հազար քառակուսի կիլոմետր տարածք ամայացվել է»,- պնդել է նա։

Ըստ Բաքվի բռնապետի` Արցախի ամբողջական բռնազավթումից հետո (խմբ.) Հայաստանն ավելի մեծ ձգտում պետք է ունենա համաձայնվելու իրենց հետ։

«Որովհետև մեր ինքնիշխանության վերականգնումից և Ղարաբաղում անօրինական անջատողական ռեժիմի վերացումից հետո, կարծում եմ, գլխավոր գործոնը, որը խանգարում էր Հայաստանին ավելի համարձակ լինել բանակցային գործընթացում, այլևս գոյություն չունի»,- ասել է նա։

Ալիևը հավելել է, որ ադրբեջանական կողմը կգնահատի Հայաստանի վերջին առաջարկությունները և կմեկնաբանի դրանք։
 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն