Submitted by D.Guyumjyan on
detq

Իրանի արտգործնախարարը և ՀԱՄԱՍ-ի առաջնորդը քննարկել են Գազայում ընթացող զարգացումները

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի հետ` քննարկելով Գազայում ընթացող վերջին զարգացումները։  Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Աբդոլլահիանը ողջունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հղումը ՄԱԿ-ի կանոնադրության 99-րդ հոդվածին՝ ուղղված Գազայի հատվածում հրադադարի հաստատմանը։ Նա այդ քայլն անվանել է «հազվագյուտ և արժանավոր» միջոց՝ միտված խաղաղության և անվտանգության հաստատմանը համաշխարհային ասպարեզում։

Իրանի գլխավոր դիվանագետը տեղեկացրել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցչին, որ ճգնաժամն ափամերձ գոտում դարձել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունների կենտրոնական թեման։

ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարն իր հերթին երախտագիտություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետությանը պաղեստինցիներին ցուցաբերվող հետևողական աջակցության և Թեհրանի լայն դիվանագիտական ջանքերի համար՝ ուղղված սիոնիստական ռեժիմի չարագործությունների դադարեցմանը։

«Աստծո կամոք, դիմադրությունը կշարունակվի մինչև սիոնիստների հանցագործությունների դադարեցումը և Պաղեստինի օկուպացիայի լիակատար վերացումը»,- ասել է նա։

Ավելացնել նոր մեկնաբանություն