«Զանգեզուրի միջանցքով» մենք ուժեղ ենթակառուցվածքային կապ կունենանք Ադրբեջանի հետ. Ուրալօղլու
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» կարևորության մասին:
««Զանգեզուրի միջանցքի» կյանքի կոչմամբ եղբայրական Ադրբեջանի և մեր երկրի միջև կստեղծվի ամուր ենթակառուցվածքային կապ,- ասել է նա` ընդգծելով միջանցքի ռազմավարական նշանակությունը։- Այս միջանցքով ուղիղ կապ կապահովվի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ թյուրքական այլ հանրապետությունների հետ»։
Նշենք, որ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն Ադրբեջան կատարած այցի շրջանակում, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նույնպես խոսել էր Հարավային Կովկասի կայունության մասին՝ ընդգծելով Ադրբեջանի հետ ուղիղ կապով կապվող երթուղային ցանցերի կարևորությունը:
«Հարավային Կովկասի կայունությունը շատ կարևոր է տրանսպորտային և էներգետիկ կապուղիների անվտանգության տեսանկյունից։ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին «Միջին միջանցքի» կարևոր բաղադրիչն է, շատ կարևոր է, որ այդ կապուղին շահագործվի ամբողջ հզորությամբ, որը թույլ կտա ամրապնդել մեր դիրքերը համաշխարհային մատակարարման շղթայում։ Նպատակ ունենք նաև հնարավորինս արագ կյանքի կոչելու Կարս-Նախիջևան երկաթուղու նախագիծը»,- նշել է Թուրքիայի ԱԳ նախարարը:
Ավելացնել նոր մեկնաբանություն