Ադրբեջանի խորհրդարանի նախագահը հանդիպել է Թուրքիայի փոխնախագահի հետ
Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան հանդիպել է Ադրբեջանում այցով գտնվող Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազի գլխավորած պատվիրակությանը։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։
Գաֆարովան նշել է, որ երկու երկրի միջև հարաբերությունները զարգանում են Հեյդար Ալիևի «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի սկզբունքով։ Հղում անելով Իլհամ Ալիևին՝ նշվել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերություններն աշխարհում նմանը չունեն։
Երկու երկրի միջև ռազմավարական գործընկերության հարցերն արծարծվել են 2021 թվականի հունիսի 15-ի Շուշիի՝ «Ադրբեջանի և Թուրքիայի Հանրապետության միջև դաշնակցային հարաբերությունների մասին» հռչակագրում։
#Դետքի_հետագծով
Ադրբեջանը և Թուրքիան վերջին շրջանում հատկապես ակտիվորեն բարձրաձայնում են պատերազմի ընթացքում Թուրքիայի գործուն աջակցության մասին, ինչը նպատակ է հետապնդում ցույց տալու, որ տարածաշրջանում Ադրբեջանը դաշնակից ունի, որը մշտապես աջակցելու է վերջինիս։
Ավելացնել նոր մեկնաբանություն