Խաղաղության պայմանագիրը չի նշանակում ամեն ինչի 100-տոկոսանոց լուծում. Ջեյհուն Բայրամով
AzTV-ին տված հարցազրույցում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն անդրադարձել է «խաղաղության պայմանագրին»:
Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսքով՝ Ադրբեջանը «խաղաղության պայմանագրի» հետ կապված բոլոր կարևոր նախաձեռնությունների հեղինակն է․ «Գործընթացը կախված չէ մի կողմի ցանկությունից, կարևոր է, որ երկու կողմերն էլ համապատասխան քայլեր ձեռնարկեն: Ադրբեջանի ինքնիշխանության ամբողջական վերականգնումից հետո մենք ուշադիր հետևում ենք Հայաստանի քաղաքական ղեկավարության ուղերձներին, լսում ենք նաև որոշ դրական հետադարձ պատասխան»:
Բայրամովը նշել է, որ պաշտոնական Բաքուն «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ առաջարկների հաջորդ փաթեթը Երևանից ստացել է այս տարվա նոյեմբերի վերջին:
«Առաջարկությունների փաթեթը, որը մենք մշակել ենք մեկ ամսվա ընթացքում, ներկայացվել է Հայաստանին։ Գործընթացը շարունակվում է։ Կարծում եմ, որ հանդիպումները տեղի կունենան 2024 թվականին։ Մենք իրատեսորեն և լավատեսորեն ենք նայում այս հարցին։ Միևնույն ժամանակ, երբ խոսում ենք «խաղաղության պայմանագրի» մասին, մենք պետք է հասկանանք, որ դա չի նշանակում ամեն ինչի 100-տոկոսանոց լուծում»,- հավելել է նա։
Ավելացնել նոր մեկնաբանություն