Ղարաբաղյան պատերազմից հետո տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու լավ հնարավորություն է ստեղծվել. Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու լավ հնարավորություն է ստեղծվել։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Ստամբուլում Արգենտինայի արտաքին գործերի, միջազգային առևտրի և հավատքի նախարար Սանտյագո Կաֆիերի հետ հանդիպմանը Չավուշօղլուն տեղեկություններ է հաղորդել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ իրականացվող քայլերի մասին։ Նա անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Չավուշօղլուն շեշտել է, որ Անկարայի և Բաքվի նպատակը Հարավային Կովկասը կայունության և զարգացման տարածաշրջան դարձնելն է։ Թուրքիայի արտգործնախարարի խոսքով՝ Թուրքիան և Ադրբեջանն անկեղծ են այս ուղղությամբ քայլեր ձեռնարկելու հարցում։
«Ես հավատում եմ, որ Հարավային Կովկասն առաջիկայում լինելու է մի տարածաշրջան, որտեղ խոսվելու է զարգացման, կայունության և խաղաղության մասին»,- եզրափակել է Չավուշօղուն։
Ավելացնել նոր մեկնաբանություն