99

Ի՞նչ տեղի ունեցավ Արցախում և Արցախի շուրջը 2023 թվականին

Դու բերդ ես անառիկ, բարձունք սրբազան… այս տողերը Արցախի Հանրապետության պետական օրհներգից են: Անառիկ բերդը, սակայն, 2023 թվականին հանձնվեց թշնամուն, և հայկական Արցախը օրերի ընթացքում ամբողջությամբ հայաթափվեց:  «Դետք»-ը ամփոփել է անցնող տարի Արցախում և Արցախի շուրջը տեղի ունեցած իրադարձությունները: 

Դեռ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից թշնամին շրջափակեց Արցախի բնակչությանն ու արգելափակեց տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժը։ Շրջափակման առաջին 6 ամիսներին Արցախում մուտք ու ելք ունեին միայն ռուս խաղաղապահները և Կարմիր խաչի մարդասիրական առաքելությունը։

Նրանց օգնությամբ հումանիտար բեռներ էին տեղափոխվում Արցախ, իսկ ծանր հիվանդները տեղափոխվում էին ՀՀ բժշկական կենտրոններ։ Սակայն հունիսի 15-ից Ադրբեջանն ամբողջական շրջափակման անցավ։ Հակարիի կամրջի վրա բետոնե պատնեշ կառուցելն արգելափակեց նաև խաղաղապահների ու Կարմիր խաչի մուտքն Արցախ։

Տասնօրյա արգելափակումից հետո՝ հունիսի 25-ից, վերսկսվեց ԿԽՄԿ-ի գործունեությունը Բերձորի միջանցքով, սակայն խաղաղապահներին դեռևս արգելված էր մատակարարել սնունդ և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ: Ադրբեջանը հուլիսի 11-ից արգելափակել էր նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից դեպի Արցախ դեղորայքի ներկրումները և բուժառուների փոխադրումները։

Ադրբեջանական ահաբեկչական հանցագործությունների հետևանքով Արցախի շուրջ 120.000 բնակչությունն ուներ սննդի, դեղորայքի, վառելիքի և կենսական նշանակության շատ այլ ապրանքների խիստ սղություն: Նրանք առերեսվում էին ծանր խնդիրների՝ ջեռուցման, կրթության, առողջապահության և կյանքի այլ հիմնական ոլորտների հետ կապված, որոնք հանգեցրել էին հումանիտար լուրջ ճգնաժամի և մարդու հիմնարար իրավունքների խախտումների։

Ողջ աշխարհի աչքի առաջ, ռուս խաղաղապահ զորախմբի ներկայությամբ (որոնց՝ Արցախում գտնվելու միակ նպատակը տեղի բնակչության պաշտպանությունն էր) Ադրբեջանն իրականացնում էր ցեղասպան գործողություն: Սա իրադարձությունների սիրողական կամ կամայական բնութագրում չէ. եթե նայենք ՄԱԿ-ի կողմից 1948 թվականին ընդունված Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի 2-րդ և 3-րդ կետերը, ապա Բերձորի միջանցքի ապօրինաբար շրջափակումից հետո Արցախում տեղի ունեցող իրադարձությունները ոչ այլ ինչ էին, քան ցեղասպանություն:  

Արցախի շրջափակումը Ադրբեջանի համար նաև Հայաստանի վրա բանակցությունների սեղանի շուրջը լրացուցիչ ճնշման միջոց էր:

2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ շուրջ 9 ամիս շրջափակումից հետո, Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի Հանրապետության դեմ՝ հրետանային կրակով թիրախավորելով նաև քաղաքներն ու խաղաղ բնակիչներին։ Արցախի պաշտպանության բանակը ծանր մարտեր էր մղում ճակատի տարբեր ուղղություններում, մի շարք հատվածներում ինտենսիվ կրակով կասեցվել է ադրբեջանական բանակի մխրճումը: 

Ամիսներ տևած շրջափակումը և սեպտեմբերի 19-ի հարձակումն այդպես էլ համապատասխան գնահատականի չարժանացան արտաքին աշխարհի կողմից: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն այդ օրերին հայտարարություն տարածեց՝ նշելով, որ ամիսներ շարունակված Արցախի շրջափակումը վերացնելու հարցում միջազգային հանրության ձախողումը հանգեցրեց Ադրբեջանի կողմից նոր լայնածավալ հարձակման:

Արդյունքում, ունենալով բազում զոհեր, վիրավորներ, թշնամու վայրագությունների թիրախ դարձած հազարավոր քաղաքացիներ և, ի վերջո, միայնակ մնալով իր կռվում, սեպտեմբերի 20-ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Ընդ որում՝ ադրբեջանցիները շրջափակման մեջ գտնվող Արցախի նկատմամբ ռազմական ագրեսիա սանձազերծելուց հետո, որի ժամանակ թիրախավորել էին խաղաղ բնակիչներին, որոնց տարհանելու հնարավորություն ուղղակի չկար, համաձայնվել էին կրակը դադարեցնել միայն Արցախի ՊԲ-ն լուծարելու պայմանով՝ պարտադրելով ընդունել ինտեգրացիայի պահանջն ու ներկայացնել Արցախի Հանրապետության կայացման գործում դերակատարում ունեցած անձանց ցուցակը։ Բաքուն պահանջել էր նրանց հանձնել, ըստ էության՝ դա սահմանելով որպես խաղաղ բնակչության փրկագին, և այժմ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանն առևանգված են ադրբեջանցիների կողմից։

Սեպտեմբերի 21-ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25-ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ 

Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը: Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հետևանքով բռնի տեղահանված արցախցիները օր առաջ փորձում էին հատել Հակարիի կամուրջը և հասնել Հայաստան: Ընդամենը մի քանի օրվա ընթացքում հայաթափվեց Արցախը, որն անառիկ էր եղել նույնիսկ այն ժամանակներում, երբ Հայաստանի այլ հատվածներ թշնամու տիրապետության տակ էին եղել: Հաշված օրերի ընթացքում ավելի քան 100.000 հայ գաղթեց Արցախից։

Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հայտարարեց, որ ստորագրել է հրամանագիր, ըստ որի՝ Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից լուծարվում է: Սակայն որոշ ժամանակ անց, արդեն Երևանից, Արցախի պաշտոնյաներն իրենց հարցազրույցներում նշում էին, որ Արցախի Հանրապետությունը չի կարող լուծարվել որևէ հրամանագրով:  

Օրերս էլ՝ դեկտեմբերի 22-ին, Սամվել Շահրամանյանը հայտարարեց, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները:

Մեկնաբանելով այս հայտարարությունը՝ Արցախի Հանրապետության նախկին պետական նախարար Արտակ Բեգլարյանը նշել է. «Սեպտեմբերի 28-ի հրամանագիրը կչեղարկվի, թե ոչ, միևնույն է, այդ հրամանագիրն ի սկզբանե առոչինչ է և որևէ իրավական հետևանք չի կարող ունենալ՝ նախագահի սահմանադրական լիազորությունների վերազանցման և այդ ակտը բռնության սպառնալիքի ներքո կայացնելու հիմքերով: Ուստի, իրավական առումով, ամեն դեպքում, հունվարի 1-ից հետո էլ շարունակելու է գործել Արցախի Հանրապետությունը, քանի դեռ ժողովուրդը այն չի լուծարել հանրաքվեով»:

Կարևոր և խիստ արդիական է հարցադրումը, թե արդյոք ինչ ուղղությամբ են շարունակելու զարգանալ Արցախի հետ կապված գործընթացները։ Այս հարցի առնչությամբ իր վերլուծության մեջ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը կարծիք է հայտնել:

«Հայկական քաղաքական դաշտում ներկայացված տարբեր խմբավորումներ շարունակում են մեր ազգային շահերն ապահովող իրավաքաղաքական իրենց բանաձևերն առաջարկել, և դրանց մեջ կան այնպիսիները, որ կարող են համապատասխան արտաքին բարենպաստ միջավայրի ձևավորման դեպքում նաև կիրառական արժեք ձեռք բերել։ Այդուհանդերձ, վերջերս ձևավորված այս նոր պայմաններում կարևոր է գործնական քննության ենթարկել առաջին հերթին Արցախի ինքնիշխան պետականության գոյությունը ժխտող վարչապետ Փաշինյանի որդեգրած քաղաքական գծի և փաստացի փախստականի կարգավիճակով Հայաստանի Հանրապետություն բռնագաղթած արցախցի մեր հայրենակիցների ու իրենց կողմից ստեղծված պետական ինստիտուտների, կառավարման համակարգի հավանական փոխազդեցության ու դրա հետևանքների հարցը»,- նշել է նա։


 

Ավելացնել նոր մեկնաբանություն