Submitted by D.Guyumjyan on
detq

Ալիևի և Փաշինյանի ոչ պաշտոնական զրույցն արդյունավետ և կառուցողական էր. Հաջիև

Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպման շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ոչ պաշտոնական զրույցն ադրբեջանական կողմը գնահատում է որպես արդյունավետ և կառուցողական փոխգործակցություն, որը նպաստում է երկու երկրների միջև խաղաղության օրակարգի առաջմղմանը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է ադրբեջանական «Minval» լրատվական գործակալությունը։

Հաջիևը միևնույն ժամանակ բարձր է գնահատել Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի՝ 2023 թվականի դեկտեմբերի 7-ի համատեղ հայտարարությունը, որի համաձայն՝ Ադրբեջանն ազատ է արձակել 32 հայ զինծառայողների, իսկ Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինծառայողների: Նա պատմական է որակել հայտարարությունը և նշել՝ այն ցույց տվեց, որ եթե կողմերը միասին աշխատեն, վստահեն իրար, առաջընթացի հնարավոր է հասնել։ 

Ադրբեջանցի պաշտոնյան նաև ողջունել է երրորդ երկրների ցանկությունը՝ նպաստելու կարգավորման գործընթացին, սակայն, նրա խոսքով, խաղաղության հաստատման համար պատասխանատու են Հայաստանը և Ադրբեջանը: Նա կարևորել է «3+3» խորհրդատվական հարթակը, ընդգծել Հարավային Կովկասում խնդիրները տարածաշրջանային դերակատարների ներգրավմամբ լուծելու կարևորությունը:

Միաժամանակ Հաջիևը չի բացառել այլ հարթակներում հայ-ադրբեջանական բանակցությունների շարունակումը:

Նա նաև հերթական անգամ մտահոգություն է հայտնել, որ Հայաստանը դեմ է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացմանը:

«Այդ իսկ պատճառով մենք այլընտրանքային ճանապարհ ենք ընտրել Իրանի տարածքով»,- հավելել է ադրբեջանցի պաշտոնյան:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն