ՌԴ-ն Ադրբեջանի հետ քննարկում է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների ներկայությունը շարունակելու հարցը
Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ ՌԴ-ն ադրբեջանական կողմի հետ քննարկում է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների գտնվելու ժամկետը երկարաձգելու հարցը: Ըստ «Դետք»-ի՝ այս մասին Գալուզինն ասել է ռուսական պետական «РИА Новости» լրատվական գործակալությունը։
Գալուզինը հիշեցրել է, որ ռուսական խաղաղապահ զորախումբը տեղակայվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն: Նրա խոսքով՝ այդ փաստաթուղթը ոչ ոք չի չեղարկել, և դրանում նախատեսված է, որ խաղաղապահները տարածաշրջանում կլինեն 5 տարի, այսինքն՝ մինչև 2025 թվականի նոյեմբեր՝ հետագա երկարաձգման հնարավորությամբ:
«Իհարկե, իրավիճակն արմատապես փոխվեց, երբ Հայաստանի ղեկավարությունը որոշեց Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի կազմում, ինչն ամրագրվեց ԵՄ հովանու ներքո անցկացված գագաթնաժողովներում՝ սկսած 2022 թվականի հոկտեմբերին Պրագայում կայացած հանդիպումից»,- նշել է Գալուզինը։
Ռուս պաշտոնյան հավելել է, որ ներկայումս Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների գտնվելու հետ կապված բոլոր հարցերը քննարկում է բացառապես ադրբեջանական կողմի հետ: Նա ասել է, որ դա տեղի է ունենում փոխադարձ հարգանքի և կառուցողական մթնոլորտում։
Ավելացնել նոր մեկնաբանություն