Ադրբեջանը հակվել է Ռուսաստանի միջնորդությամբ, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի տարբերակին. քաղաքագետ
Լիբանանում Համասի ռազմական թևի հիմնադիր-առաջնորդներից Սալեհ ալ-Արուրիի սպանությունը, Իրանում Ղասեմ Սոլեյմանիի մահվան երրորդ տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ, դեպի գերեզման տանող ճանապարհին գտնվող ցեմենտի գործարանի տարածքում տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով 103 զոհ, 200-ից ավել վիրավոր, ռուս-ուկրաինական ճակատում հակամարտության ակնհայտ կոշտացում ու ինտենսիվացում...Այս և բազմաթիվ այլ ցուցիչներ որևէ կասկած չեն թողնում, որ մեզ սպասվում է ծանրագույն ու լրջագույն վտանգներով լի տարի: Այս մասին իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշում է քաղաքագետ Վարդան Բալյանը և հավելում.
«Ալիևի հատուկ ներկայացուցչի ելույթից հետո ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը հակվել է Ռուսաստանի միջնորդությամբ այսպես կոչված հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի տարբերակին, ինչը կանխատեսելի էր, ի դեպ, ու տեսանելի արդեն տևական ժամանակ:
Չէի ցանկանա նոր տարվա շեմին չարագուշակ կանխատեսումներ անել, բայց իրավիճակի լրջությունը իսկապես առավել քան մտահոգիչ է: 2020 թվականի հունվար, փետրվար, մարտ ամիսներին, այդ թվում՝ եթերային հաղորդումներում մեզ սպասվելիք սպառնալիքների լրջության մասին խոսել եմ հրապարակային: Նույնը անցած՝ 2023 թվականի սեպտեմբերյան դեպքերի հետ կապված:
2017 թվականի Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ փողով քվեարկող ընտրողներին ասում էի, որ 10 հազար դրամանոց սև թղթեր են տանում տուն իրենց և իրենց հարազատների երեխաներին...Մինչև հիմա չեմ մոռանում փողով քվեարկողների ատելությամբ լցված հայացքները 2017-ին, որոնցից շատերը 2020-ի արհավիրքից հետո ամեն կերպ փորձում են չհանդիպել հայացքներով...
Գուցե շատերին այս գրառումն անպատեհ թվա, բայց լռել չեմ կարող, կներեք: Մարդիկ, ահագնացող սպառնալիքը չի շրջանցելու որևէ մեկիս տունը, օջախը, բացառված է: Վերահաս ալեկոծությանն ընդառաջ խարխուլ նավակով, անպիտան ու անպատասխանատու նավավարներով ծովում նավարկության դուրս գալը անգամ սխալ չէ, այլ հանցագործություն: Հանցագործություն, որ մեր սերնդին, մեզնից յուրաքանչյուրին չի ներվելու երբեք»:
Ավելացնել նոր մեկնաբանություն