«Համայն աշխարհի ադրբեջանցիների համերաշխության օրվա» առթիվ Ալիևի ելույթի հիմնական կետերը

«Համայն աշխարհի ադրբեջանցիների համերաշխության օրվա» առթիվ Ալիևի ելույթի հիմնական կետերը

Ադրբեջանական պետական քարոզչության դրսևորումներից կարելի է համարել Ադրբեջանի բոլոր ժամանակների համազգային առաջնորդ, հանգուցյալ Հեյդար Ալիևի մոգոնած տոնը, որը հարևան թշնամի երկիրը նշում է հենց դեկտեմբերի 31-ին: Տոնը կոչվում է «համայն աշխարհի ադրբեջանցիների համերաշխության օր»: Դրան նվիրված բոլոր պետական միջոցառումներն ունեն ընդգծված ուղղվածություն՝ Ալիևների ընտանիքի փառաբանում:

2023 թ. դեկտեմբերի 31-ի ուղերձը, ինչպես նախորդ 3 տարիներին, պարունակում էր բացառապես Հայաստանին ու հայերին ուղղված ատելության խոսք:

Ստորև ներկայացնում ենք Բաքվի բռնապետի ելույթի հիմնական կետերը:

  • 2023 թվականին մեկօրյա հակաահաբեկչական գործողության արդյունքում Ադրբեջանը լիովին վերականգնեց իր պետական ​​ինքնիշխանությունը, ապահովվեց օկուպացիոն ուժերի դուրսբերումը Ադրբեջանի տարածքից, ոչնչացվեց թշնամու բանակը, ոչնչացվեց և վերցվեց հակառակորդի զինտեխնիկան:

 

  • Երբ 2020 թվականին ավարտվեց Ղարաբաղյան պատերազմը, և մեր դրոշը բարձրացվեց Շուշիում (խմբ.) ու ազատագրված այլ տարածքներում, մենք բոլորս լավ գիտեինք, որ մեր գործն անավարտ է մնացել։ Ադրբեջանը պետք է ամբողջությամբ վերականգներ իր պետական ​​ինքնիշխանությունը և դա արեց։

 

  • Երեք տարի շարունակ մենք ցանկանում ենք դա լուծել խաղաղ ճանապարհով։ Մենք հավատում էինք, որ Հայաստանի ղեկավարությունը, ճիշտ վերլուծելով Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքները, իր համար եզրակացություն կանի։

 

  • Մենք բազմիցս զգուշացրել ենք Հայաստանի ղեկավարությանը և դրա հետևում կանգնած արևմտյան երկրներին, որ այս իրավիճակը չի կարող շարունակվել։ Կամ անջատողական ռեժիմը պետք է ինքնալուծարվի, հայկական բանակը պետք է դուրս բերվի մեր տարածքից, կամ մենք ինքներս, ուժի կիրառմամբ, կվերականգնենք մեր պետական ​​ինքնիշխանությունը։ Ցավոք սրտի, մեր խոսքերին ուշադրություն չդարձրին։ Սեպտեմբերի 19-ին սկսված հակաահաբեկչական գործողությունը, որը տևել է ընդամենը մեկ օր, նույնիսկ ավելի քիչ, ավարտվել է ադրբեջանական բանակի լիակատար հաղթանակով։ Անջատողական ռեժիմն ընկավ, ծնկի եկավ մեր առաջ, սպիտակ դրոշ բարձրացրեց, հանձնվեց, ընդմիշտ հեռացվեց մեր հողերից և նետվեց պատմության աղբանոցը։ Այսպիսով՝ Ադրբեջանում անջատողականությունն արմատախիլ արվեց, և այս չարիքն այլևս չի կարող գլուխ բարձրացնել մեր հողերում։

 

  • Այսօր Արևմուտքում գերակշռում են երկակի ստանդարտները: Ադրբեջանական ժողովուրդը դա լավ գիտի։ Միաժամանակ նա լավ գիտի, որ չնայած ճնշումներին, բոլոր սպառնալիքներին, անհիմն մեղադրանքներին՝ մենք անելու ենք այն, ինչ անհրաժեշտ ենք համարում։ Եվ մենք կշարունակենք անել այն, ինչ նախկինում արեցինք:

Ուշագրավ է, որ Ադրբեջանը խոսում է եվրոպական կառույցներում կոռուպցիայի և երկակի ստանդարտների մասին, այն դեպքում, երբ միջազգային լրագրողական հետաքննությունները բացահայտել են բազմաթիվ դեպքեր հենց Բաքվի կողմից եվրոպական պաշտոնյաների կաշառելու դեպքերի մասին։

  • Հաջորդ տարի տեղական ռազմական արտադրությունը զգալիորեն կաճի։ Հաջորդ տարի և՛ պետական, և՛ մասնավոր հատվածը կներդնի առնվազն մեկ միլիարդ մանաթ ռազմական արտադրանքի արտադրության մեջ։ Այսպիսով՝ մենք մեզ ոչ միայն տարրական միջոցներով ենք ապահովելու, Ադրբեջանը դառնալու է համաշխարհային մասշտաբով շատ լուրջ երկիր, մեր ռազմական արտադրանքի ծավալն ու քանակը զգալիորեն կավելանան։

Խաղաղության մասին խոսող Ադրբեջանը զինվում է տարբեր տեսակի ռազմական արտադրանքով, իսկ երբ Հայաստանն ինքնապաշտպանական նպատակներով ձեռք է բերում զինտեխնիկա, դա առաջացնում է պաշտոնական Բաքվի հիստերիան:

  • Մեր միջազգային հեղինակությունն օրեցօր աճում է։ Դեկտեմբերին աշխարհի բոլոր երկրները միաձայն որոշում են կայացրել՝ հաջորդ տարի Ադրբեջանում անցկացնել աշխարհի ամենամեծ միջազգային համաժողովը՝ «COP29»-ը։ Սա համաշխարհային հանրության կողմից մեր հանդեպ ցուցաբերված մեծ հարգանքն ու համակրանքն է:

Միջազգային հեղինակությունը շեշտող Ալիևը կարծես մոռացության է տվել արևմտյան երկրների հակակրանքն այդ երկրի նկատմամբ, անգամ օրերս ԱՄՆ-ն Ադրբեջանն ընդգրկեց Կրոնական ազատության դիտարկման ցանկում՝ Արցախում սրբավայրերի վտանգման պատճառով: Ադրբեջանը փորձում է թաքցնել իր ահավոր բնապահպանական խնդիրները և մարդու իրավունքների խախտումներն այնպիսի միջոցառումների միջոցով, ինչպիսին COP-ն է։ «COP29»-ի կազմակերպիչ քաղաք Բաքվում է գտնվում Ռազմավարի այգին՝ Ալիևի էթնիկ ատելության թեմատիկ այգին, որը փառաբանում է նրա հաղթանակը Հայաստանի նկատմամբ 2020 թ.՝ ցուցադրելով պատերազմի ժամանակ զոհված հայ զինվորներից խլված հարյուրավոր սաղավարտներ։

  • Այս տարի Ադրբեջանում հայտարարվել է «Հեյդար Ալիևի տարի»։ Երկրով մեկ նշվեց մեծ առաջնորդի հարյուրամյակը։ Ինձ համար այս թանկ օրը՝ հորս ծննդյան օրը, անցկացրի Շուշիում:

Հատկանշական է, որ դեկտեմբերին հայտարարվեց՝ Շուշիում Ամանորը նշել ցանկացողները կարող են վճարել 3000 մանաթ, ինչն առաջացրեց հասարակության և ընդդիմադիր լրագրողների դժգոհությունը: Գերմանիայւմ բնակություն հաստատած ընդդիմադիր լրագրողները այդ քայլը մեկնաբանեցին որպես «վերադարձ հին օլիգարխների քաղաք Շուշի»:

  • Մեր պատմական հաղթանակը, հակաահաբեկչական գործողությունը, օկուպանտներից ազատագրումը, անջատողական ռեժիմի տապալումը իրավամբ միավորեցին բոլոր ադրբեջանցիներին, միավորեցին նրանց մեկ բռունցքի մեջ։ «Երկաթե բռունցքը» դարձել է մեր հաղթանակի տարեգրության խորհրդանիշը:

Պատերազմից հետո Ադրբեջանում ավելի է մոլեգնացել սոցիալական սուղ դրությունը, ինչը չի խոսում միասնական ազգի պատկերի մասին: Նախընտրական քարոզարշավների ժամանակ Ալիևի հիմնական խնդիրն է եղել Արցախի գրավումն ու սոցիալական բարդ դրության կարգավորումը, առաջին «խնդիրը լուծելուց» հետո, սակայն, երկրորդը դեռ մնում է չլուծված, ինչն առաջիկայում դրոթյունն էլ ավելի կսրի:

Ավելացնել նոր մեկնաբանություն