Submitted by D.Guyumjyan on
դետք

ԱՄՆ-ն վստահեցնում է, որ կապ չունի Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունների հետ

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը վստահեցրել է, որ Վաշինգտոնը ներգրավված չէ Իրանի Քերման քաղաքում գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գերեզմանի մոտ իրականացված հարձակումներում։ Ըստ «Դետք»-ի՝ CNN-ը հայտնում է, որ այս մասին Միլլերն ասել է իր մամուլի ասուլիսի ժամանակ։ 

Ամերիկացի պաշտոնյան միևնույն ժամանակ հերքել է այդ հարձակումներին Իսրայելի ներգրավվածությունը։ «Վաշինգտոնը մասնակից չէ դրանց, և ոչ մի հիմք չկա կարծելու, որ Իսրայելը նույնպես ներգրավված է»,- ասել է նա։

Ամերիկյան «The Wall Street Journal» պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ Իսրայելի իշխանություններն իրենց դաշնակիցներին հայտնել են, որ կապ չունեն Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունների հետ:  Պարբերականի տվյալներով՝ Իսրայելը նշել է, որ պայթյունները նման չեն հրեական պետության կողմից իրականացվող հարձակումների սխեմային, որոնք, ինչպես նշում է պարբերականը, «սովորաբար առավել ճշգրիտ են՝ ուղղված առանձին անձանց կամ իրանական անվտանգության ուժերի հետ կապված ենթակառուցվածքների դեմ»։

Իսրայելի վարչապետի գրասենյակը, ինչպես նաև իսրայելական բանակը հրաժարվել են որևէ մեկնաբանություն տալուց։

Նշվում է, որ պայթյունների նպատակը կարող էր լինել Իսրայելի ու Իրանի միջև տարաձայնությունների հրահրումը՝ հունվարի 2-ին ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից մեկի՝ Սալեհ ալ-Արուրիի սպանությունից հետո։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն