Բորելը կարծում է, որ ամբողջ Մերձավոր Արևելքը կարող է «բռնկվել»
ԵՄ դիվանագիտության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ եթե Գազայի պատերազմը չվերահսկվի, ապա այն կարող է «կրակի մատնել» ողջ Մերձավոր Արևելքը: Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ Բորելը նման հայտարարություն է արել այն բանից մեկ օր անց, երբ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով սպանվել է ՀԱՄԱՍ-ի փոխնախագահ Սալեհ ալ-Արուրին: Իսրայելը չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը, սակայն իրանական կողմը հայտնել է, որ պատրաստվում է հնարավոր հաշվեհարդարի:
«Ատելությունն արմատավորվել է։ Եթե այս ողբերգությունը շուտով չավարտվի, ես մտավախություն ունեմ, որ ողջ Մերձավոր Արևելքը կարող է «բռնկվել»: Լարվածությունն աճում է նաև Կարմիր ծովում, որտեղ միջազգային առևտրային նավերը հարձակման են ենթարկվել Իրանի կողմից աջակցվող հութիների կողմից»,- ասել է նա:
Բորելը նաև ափսոսանք է հայտնել, որ ԵՄ անդամ երկրները միաձայն կոչ չեն արել հրադադար հաստատել Գազայի հատվածում։
«Մենք սահմանափակվեցինք մարդասիրական դադարների և պատերազմից տուժածներին օգնություն ցուցաբերելու պարզ համատեղ կոչով: Եվրամիությունը չի եկել միաձայն որոշման կամ դիրքորոշման, և դա մեզ թուլացնում է»,- եզրափակել է նա։
Ավելացնել նոր մեկնաբանություն