Submitted by D.Guyumjyan on
DETQ

Իրանը հստակ դիրքորոշում ունի տարանցիկ միջանցքների հարցում. Նասեր Քանաանի

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին հայտարարել է՝ պաշտոնական Թեհրանը դիրքորոշում ունի Հարավային Կովկասի տարածաշրջանում տիրող իրավիճակի և տարանցիկ միջանցքների հարցում։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Նա նշել է, որ Իրանը մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանում խաղաղության պահպանմանն ու ամրապնդմանը։

«Մենք մեծ ջանքեր ենք գործադրում տարածաշրջանի երկրներում խաղաղություն, կայունություն և անվտանգություն հաստատելու համար: Մենք ընդգծում ենք, որ տարանցիկ համագործակցության զարգացումը չի կարող հիմք հանդիսանալ աշխարհաքաղաքական փոփոխությունների և երկրների տարածքային ամբողջականության ու ազգային ինքնիշխանության խախտման համար»,- ասել է իրանցի պաշտոնյան։

Վերջինս միևնույն ժամանակ կարևորել է տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակի գործունեությունը։ Նրա խոսքով՝ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն բացառապես տարածաշրջանային երկրների մասնակցությամբ, իսկ դրանցում արտատարածաշրջանային դերակատարների ներգրավվածությունն անընդունելի է։

Հիշեցնենք, որ թուրք-ադրբեջանական խոսույթում վերջին շրջանում կրկին ակտիվացել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեման։

Ավելացնել նոր մեկնաբանություն