Իրանի վրա հարձակվելու դեպքում Իսրայելին ջախջախիչ պատասխան է սպասվում
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի կենտրոնական շտաբի հրամանատար Ղոլամ Ալի Ռաշիդը հայտարարել է՝ Իրանի վրա հարձակվելու դեպքում Իսրայելը համարժեք պատասխան կստանա։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Իրանցի բարձրաստիճան զինվորական հրամանատարն ընդգծել է, որ նման պարագայում Թեհրանը չի վարանի ջախջախիչ և վճռական պատասխան տալ Իսրայելին: Նրա խոսքով՝ իրանցի հրամանատարներն ազատ են Իսրայելի ցանկացած հարձակման պատասխանելու համար։
Ռաշիդն ասել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին գլխավոր հրամանատար Ղասեմ Սոլեյմանիին հաջողվել է կարևոր ձեռքբերում ունենալ Լիբանանում, Իրաքում, Պաղեստինում, Եմենում և Սիրիայում դիմադրության ուժերին աջակցելու հարցում: Նրա համոզմամբ՝ Սոլեյմանին հույս է ներշնչել Իրաքի և Սիրիայի կառավարությունների շրջանակում, որ նրանք կարող են հաղթել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, ինչը շատ կարևոր քայլ է ահաբեկչության դեմ պայքարում։
Իրանցի բարձրաստիճան զինվորականն ասել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է գեներալ Սոլեյմանիի սպանության պատասխանատվությունը՝ իրեն «ազգային հերոս» դարձնելու համար։
«Սակայն ապացուցվել է, որ բոլոր նրանք, ովքեր վնաս են հասցրել Իսլամական Հանրապետությանը, չեն կարողացել խուսափել պատժից, և գեներալ Սոլեյմանիի սպանության հանցագործության մեղավորները շուտով կպատժվեն»,- եզրափակել է նա։
Ավելացնել նոր մեկնաբանություն