Submitted by D.Guyumjyan on
detq

Իրանը զգուշացրել է ԱՄՆ-ին զերծ մնալ սադրիչ կամ անպատասխանատու ցանկացած քայլից

ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սաիդ Իրվանին Անվտանգության խորհրդին ուղղված նամակում զգուշացրել է ԱՄՆ-ի սադրիչ կամ անպատասխանատու յուրաքանչյուր գործողության մասին, որը կարող է վտանգել տարածաշրջանի, այդ թվում՝ Կարմիր ծովի խաղաղությունն ու անվտանգությունը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական «Fars» լրատվական​ գործակալությունը։

Իրվանին նամակում նշել է, որ Իրանը կտրականապես մերժում է այդ նիստում հնչած անհիմն պնդումները։ «Այս մեղադրանքներն անապացուցելի են և չհիմնավորված։ Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ մեծ կարևորություն է տվել ծովային անվտանգությանն ու նավագնացության ազատությանը և ընդգծում է իր աննկուն հանձնառությունը՝ հավատարիմ մնալու միջազգային պարտավորություններին և պահպանելու խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում»,- ասել է նա։

Կարմիր ծովում բոլոր երկրների նավագնացության իրավունքների ու նավերի ազատության մասին ԱՄՆ-ի հայտարարությունները իրանցի դիվանագետը որակել է որպես Պաղեստինում շարունակվող հանցագործությունների ու ցեղասպանության մռայլ իրականությունից շեղվելու փորձ։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը, զգուշացնելով ԱՄՆ-ի սադրիչ կամ անպատասխանատու ցանկացած գործողության մասին, որը կարող է վտանգել տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը, խնդրում է Անվտանգության խորհրդին հավատարիմ մնալ Կարմիր ծովում առկա իրավիճակի պատճառներին առնչվող իր պարտականություններին: Անվտանգության խորհուրդը պետք է վճռական միջոցներ ձեռնարկի` Իսրայելի ռեժիմին ստիպելու դադարեցնել արյունահեղությունն ու  ագրեսիվ գործողությունները և խստորեն հետևել մարդու իրավունքների օրենքներով ստանձնած միջազգային պարտավորություններին:

Բացի դրանից` Անվտանգության խորհուրդը պետք է ստիպի Իսրայելի օկուպացիոն ռեժիմին ամբողջությամբ կատարել 2712 և 2720 բանաձևերը․ բանաձևեր, որոնք պահանջում են նվազագույն պարտավորությունները՝ հեշտացնելու և ապահովելու մարդասիրական օգնության արագ, անվտանգ ու անարգել առաքումը Պաղեստինի ժողովրդին ողջ Գազայի հատվածով»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում արտակարգ նիստ է տեղի ունեցել՝ քննարկելու Կարմիր ծովում ու Ադենի ծոցում տիրող իրավիճակը։ Նիստի ընթացքում ԱՄՆ և Իսրայելի ներկայացուցիչները մեղադրանքներ էին հնչեցրել Իրանի հասցեին։ 

Ավելացնել նոր մեկնաբանություն