Հուսահատվելն ու հայրենիքից հեռանալը խնդրի լուծում չեն․ Շարմազանով
Հուսահատվելն ու հայրենիքից հեռանալը խնդրի լուծում չեն։ Վերջին շրջանում հաճախ եմ լսում «գնալու եմ երկրից» արտահայտությունը, որը կապված է խայտառակ կապիտուլյացիայի, Արցախի հայաթափման, թուրքական օրակարգով գործելու կապիտուլյանտների որոշման և, ինչու չէ, ընդդիմադիրներիս ոչ արդյունավետ գործելու հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Չմեղադրելով նման կարծիք ունեցողներին՝ այնուամենայնիվ, համամիտ չեմ նրանց հետ։
Հայաստանն Արարչի կողմից մեզ տրված հայրենիքն է, և մեր նպատակը՝ որպես ազգ, ապրել ու արարելն է մեր հայրենիքում՝ պաշտպանելով ու շենացնելով այն։
Պարտություններից հետո արտագաղթի ճամփան բռնելը նոր երևույթ չէ, այն եղել է միջնադարում և, անշուշտ, թուլացրել է մեր ազգային դիմադրողականությունը։
Մենք թուլացանք որպես ազգ, երբ 1021 թ. Արծրունիները Վասպուրականի թագավորությունը հանձնեցին Բյուզանդիային, իսկ Սենեքերիմ Արծրունին 14 հազար մարդկանց հետ գաղթեց Սեբաստիա։
Թուլացանք, երբ Անին հանձնեցինք և սփռվեցինք աշխարհով մեկ՝ Կիլիկիայից մինչև Կիևյան Ռուսիա և Լեհաստան։
Դարեր անց մեզնից ոմանք փորձում են հերթական անգամ բախտ որոնել «օտար, ամայի ճամփեքին»։
Այսօր էլ Արցախն են հանձնել թուրքին, հիմա ի՞նչ, պետք է հերթական անգամ լքե՞նք մեր հայրենիքը։
Հուսահատվելն ու հայրենիքից հեռանալը խնդիրներ լուծելու լավագույն ճանապարհ չեն։
Ավելին՝ փախուստ է խնդրից։
Իսկ խնդրի լուծումը հետևյալն է. մնալ, ապրել, պայքարել հայրենիքում։
Ապրել ու պայքարել հանուն Հայաստանի և Արցախի։
Թուրքերի ուզածն էլ դա է, որ հայը հիասթափվի ու լքի իր հայրենիքը։
Հեշտ է լինելո՞ւ։
Իհարկե ոչ։
Բայց այլ ճանապարհ չկա։
Պետք է ապրել պետության գահավիժումը կանգնեցնելու, հայրենիքը թուրքերին չհանձնելու և պետականության «փշրանքները» պահպանելու համար»,- գրել է նա։
Ավելացնել նոր մեկնաբանություն