Թուրքիայի և Ճապոնիայի հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի վրա են․ Թուրքիայի արտգործնախարար
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ելույթ է ունեցել նախարարությունում Ճապոնիայի արտգործնախարար Կամիկավա Յոկոյի հետ հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է թուրքական «TRT haber» կայքը։
Ֆիդանն ընդգծել է, որ Թուրքիայի և Ճապոնիայի միջև առկա են խորը արմատավորված բարեկամական կապեր, և հայտարարել է, որ իրենք այս ամուր հիմքի վրա զարգացրել են երկու երկրի միջև հարաբերությունները, որոնք 2013 թվականին բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի։
«Մենք որոշել ենք Ճապոնիայի հետ համագործակցել Գազային մարդասիրական օգնություն տրամադրելու հարցում, կշարունակենք նաև այս ուղղությամբ ջանքերը երկկողմ, այդ թվում՝ ՄԱԿ-ի բազմակողմ հարթակներում»,- նշել է Թուրքիայի արտգործնախարարը Գազայի հարցով Ճապոնիայի հետ համագործակցության վերաբերյալ։
Ըստ Ֆիդանի՝ այս ընթացքում իրենց փոխայցելությունները կնպաստեն տարբեր ոլորտներում երկու երկրի համագործակցության հետագա զարգացմանը։
«Մենք հավատարիմ ենք ռազմավարական գործընկեր Թուրքիայի հետ հարաբերությունների հետագա զարգացմանը»,- իր հերթին ասել է Ճապոնիայի արտգործնախարարը։
Ավելացնել նոր մեկնաբանություն