Բաքուն դարձավ Սումգայիթի, Գանձակի ողբերգական իրադարձությունների շարունակությունը. լրանում է հայերի դեմ իրագործված ջարդերի 34-րդ տարելիցը
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս օրերին լրանում է Բաքվում հայերի դեմ իրագործած ջարդերի 34-րդ տարելիցը:
1990 թ. հունվարի 13-ից–19-ը հայերի դեմ իրագործած ջարդերի հետևանքով ավելի քան 200,000 հայ լքեցին Բաքուն:
Բաքուն դարձավ Սումգայիթի, Գանձակի ողբերգական իրադարձությունների շարունակությունը: Ամեն ինչ կրկնվում էր նույն սցենարով հայերին վերացնելու կոչեր, որոնց հաջորդում էին ջարդարարների նախօրոք ծրագրված գործողությունները:
Ունենալով հայերի բնակարանների հասցեները և քաղաքի քարտեզը ադրբեջանցի ջարդարարներն արագությամբ գտնում էին հայկական տները և դաժանորեն սպանում մարդկանց ազգային պատկանելության համար: Այդ առնչությամբ «Комсомольская правда»-ն գրում է. «Հավաքվածների մոտ հայտնվեցին հայերի հասցեներով ցուցակներ, և Բաքուն պայթեց... Քաղաքում ուժեղացել էր հակահայկական հիստերիան, հնչում էին կոչեր համընդհանուր թշնամու դեմ միավորվելու մասին»:
Բաքվի հայության կոտորածի նախօրեին հունվարի 12-ին, «Ժողովրդական ճակատ»-ի ծրագրով ձևավորվել էր Ազգային պաշտպանության խորհուրդ (Milli Müdafia Şurası MMŞ)՝ իբրև Լեռնային Ղարաբաղ «ռազմական գործողությունների գոտի» ուղարկվելու համար, սակայն այն մնաց Բաքվում: Ամեն ինչ կանխամտածված և նախօրոք ծրագրված էր ազատել Բաքուն հայերից: Այդ մասին է
վկայում նաև տարիներ անց 2012 թ., ադրբեջանական «ANS TV» հեռուստաընկերության հեռարձակած
«Ən Yeni Tarix» հաղորդման 1990 թ. հունվարի դեպքերին նվիրված թողարկման ժամանակ
MMŞ-ի փոխնախագահ Նուրադդին Խոջայի խոստովանությունն այն մասին, որ Ժողճակատը
հստակ ծրագիր է ունեցել ազատել Բաքուն հայերից. «Հայերին Բաքվից հանելը ճիշտ էր,
հայերը դանդաղ ազդեցության ռումբ էին... հայերը մեզ համար վտանգավոր էին...»:
Հատկանշական է, որ 34 տարի անց, Լաչինի միջանցքը շրջափակելուց ու Արցախում ագրեսիա ձեռնարկելուց հետո՝ Ադրբեջանի ղեկավարությունը հասավ հայերի բռնի տեղահանմանը իրենց հայրենիքից: Ցավոք, մենք մեր պատմությունից դասեր քաղել չգիտենք, դրա համար կրկին հայտնվում ենք նոր փորձությունների առջև...»:
Ավելացնել նոր մեկնաբանություն