Ինչպե՞ս քարոզել պայքար. մաս 2. նացիստական քարոզչություն
Հասկանալու համար, թե Երկրորդ աշխարհամարտի տարիներին Գերմանիայի համար որքան կարևոր էր քարոզչությունը, պետք է նշել, որ հենց այդ ժամանակ ստեղծվեց քարոզչության գործը ստանձնած հատուկ նախարարություն՝ Ազգային լուսավորության և քարոզչության նախարարությունը։ Այնուհետև Ադոլֆ Հիտլերը կայսրության ազգային լուսավորության և քարոզչության նախարար նշանակեց Յոզեֆ Գեբելսին, որը դարձավ նացիստական գաղափարախոսության ջատագով։
19-ականներին «Նացի-սոցի» աշխատությունում Գեբելսը գրեց 10 պատվիրան նացիոնալ-սոցիալիստական գաղափարներ կրող յուրաքանչյուրի համար.
- Քո հայրենիքի անունը Գերմանիա է։ Սիրիր նրան ամենից շատ և ավելի շատ գործով, քան խոսքով։
- Գերմանիայի թշնամիները քո թշնամիներն են։ Ատիր նրանց ողջ սրտով։
- Յուրաքանչյուր հայրենակից, նույնիսկ ամենաաղքատ, Գերմանիայի մի մասն է։ Սիրիր նրան, ինչպես ինքդ քեզ։
- Պահանջիր քեզնից միայն պարտավորություններդ։ Այդ ժամանակ Գերմանիան արդարություն ձեռք կբերի։
- Հպարտացիր Գերմանիայով։ Դու պետք է հպարտանաս քո հայրենիքով, որի համար միլիոնավոր մարդիկ կյանք են տվել։
- Նա, ով կպատվազրկի Գերմանիան, կպատվազրկի քեզ և քո նախնիներին։ Բռունցքդ նրա դեմ ուղղիր։
- Խփիր սրիկային ամեն անգամ։ Հիշիր՝ եթե որևէ մեկը խլում է քո իրավունքները, դու իրավունք ունես ոչնչացնելու նրան։
- Մի՛ եղիր ծայրահեղ հակասեմիտական, բայց մշտարթուն եղիր «Բեռլիներ Թագեբլաթթ»-ի հետ (բեռլինյան օրաթերթ):
- Արա այն, ինչ պետք է, առանց ամոթի, երբ խոսքը նոր Գերմանիայի մասին է։
- Հավատա ապագային։ Այդ ժամանակ դու կլինես հաղթող։
Գեբելսը մշակեց հայեցակարգ, որի հիմքը ռադիոյի, կինոյի և մամուլի միջոցով Ռայխի բնակչությանը գաղափարախոսություն քարոզելն էր. ըստ այդմ՝ գրեթե յուրաքանչյուր գերմանական ընտանիք ուներ ռադիո ու ստանում էր թերթեր։
Պատերազմի տարիներին թողարկվեց 150-180 քարոզչական ֆիլմ։ Կինոթատրոններում ֆիլմերի ցուցադրությունից առաջ պարտադիր կերպով ցուցադրվում էր «Die Deutsche Wochenschau» քարոզչական կինոամսագիրը։ Այն պատերազմի սկզբում տևում էր 10-15 րոպե, վերջում արդեն՝ կես ժամ։
Առաջնագծում լայնորեն կիրառվեցին բարձրաձայն շչակ սարքեր, թռուցիկներ բաժանելու համար քարոզչական ռումբեր, արկեր և հրթիռային ականներ։ Այդ թռուցիկներում ներկայացված տեղեկությունը թշնամու նշանակալի գործիչների (Ստալինի և Խրուշչովի որդիներ, խոշոր ռազմական առաջնորդներ) գերեվարման կամ մահվան փաստերի մասին ուղեկցվում էր վերջիններիս խոսքերով կամ լուսանկարներով։ Մինչ օրս Ստալինի որդի Յակով Ջուղաշվիլիի նկարով թռուցիկները տարակարծությունների պատճառ են։ Թեև դրանք մեծ ազդեցություն ունեցան կարմիրբանակայինների բարոյահոգեբանական վիճակի վրա, ինչի հետևանքով ոմանք որոշեցին հետևել Ստալինի որդու օրինակին՝ արյունահեղ պատերազմում ողջ մնալու համար, սակայն սովետական քարոզչությունն ամեն ինչ արեց ապացուցելու համար, որ նկարը կեղծ է, և որ ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղարի որդին ինքնակամ պատանդ չի հանձնվել, այլ գերության մեջ է հայտնվել կռվի ժամանակ։
Քանի որ գերմանացիները տարբեր շահեր ունեին այն տարածքներում, որոնք հայտնվել էին օկուպացիայի տակ, վերջիններս իրականացնում էին ժամանակակից լեզվով ասած թիրախավորված քարոզչություն։ Այսպիսով՝ գրավված Սկանդինավիայի բնակիչները համարվում էին «արիացիներ», Ռայխի լիիրավ քաղաքացիներ, որոնք պետք է ակտիվ մասնակցություն ունենային գերմանական պայքարին ու գործերին:
Քաղաքականությունը Լեհաստանում և Խորհրդային միության գրավված շրջաններում տարբեր էր։ Քանի որ սլավոնները համարվում էին ստորադաս ռասա, լավագույն տարբերակը նրանց ոչնչացումը կամ գերմանականացումն էր, ինչի համար ձեռնարկվեցին քայլեր ազգային միասնական մշակույթը ոչնչացնելու և մարդկանց պառակտելու ուղղությամբ։ Սա քարոզչական տեսանկյունից նշանակում էր «սիրախաղ անել» ազգային շարժումների հետ և քաղաքացիներին իրար դեմ հանել։ Այդ նպատակով ստեղծվեցին ազգային կառավարամետ ինստիտուտներ (օրինակ՝ Ուկրաինայի ազգային խորհուրդ), ազգային ռազմական կազմավորումներ (Բելառուսի տարածաշրջանային պաշտպանություն), քարոզչական թանգարաններ (Անցումային շրջանի թանգարան-արխիվ), հրատարակվեց ազգայնական և հակասեմական գրականություն։ Ակտիվորեն սկսեցին տպագրվել հակասեմական բովանդակությամբ թերթեր, օրինակ՝ «За родину» (Ռիգա) կամ «Бич» ամսագիրը (Մինսկ)։ Ընդհանուր առմամբ, ԽՍՀՄ օկուպացված տարածքում գերմանացիները բնակչության համար հրատարակեցին գրեթե 300 անուն թերթ, որոնցից շատերն ունեցել են հարյուր հազարավոր օրինակների տպաքանակ. դրանք բոլորն էլ հստակ քարոզչական բնույթ էին կրում։
Միևնույն ժամանակ, գերմանացիները փորձեցին օկուպացված արևելյան տարածքներում ստեղծել տպավորություն, որ կյանքը շարունակվում է՝ կինոթատրոնները բաց են, թերթեր են տպագրվում, մշակութային միջոցառումներ են անցկացվում։ Բնակչությունը համոզված էր, որ բոլշևիկյան գիշատիչ իշխանությունն ընդմիշտ ավարտվել է, նրանց ցույց տրվեցին ֆոտոմոնտաժներ, որոնցում գերմանացի զինվորները քայլերթ են անում Մոսկվայում և Լենինգրադում։ Քարոզչական նյութերում պարտիզանները ներկայացվում էին որպես գողեր ու մարդասպաններ, իսկ նրանց հետ համագործակցությունը պատժվում էր մահապատժով։ Առանձնահատուկ հիշատակման են արժանի քարոզչական արշավները, որոնք ապահովել են գրավյալ տարածքների բնակիչների վերաբնակեցումը Գերմանիայում։ Գերմանացիները ստեղծեցին և ցուցադրեցին հատուկ ֆիլմեր, որոնցում տեղահանվածներին խոստանում էին դրախտային կյանք ռազմաճակատից հեռու։
Չնայած Նացիստական Գերմանիան պարտություն կրեց պատերազմում, սակայն, ընդհուպ սովետական զորքի՝ Բեռլին ոտք դնելը, գերմանացիները, իրենց տներում նստած, լսելով քարոզչության լավագույն մոհիկաններից մեկին՝ Գեբելսին, հավատում էին, որ իրենք հաղթում են։
Ավելացնել նոր մեկնաբանություն