Submitted by D.Guyumjyan on
դետք

Իրաքի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի ԱԽ-ում բողոք է ներկայացրել Իրանի դեմ

Իրաքի արտաքին գործերի նախարարությունը երկու միանման նամակ է ուղարկել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ և կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ կապված Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլ քաղաքին ուղղված Իրանի հարվածների հետ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է ամերիկյան CNN հեռուստաընկերության լրատվական ծառայությունը։

Հաղորդվում է, որ Իրանի հրթիռային ագրեսիան հանգեցրել է զոհերի խաղաղ բնակչության շրջանում, վիրավորների և հանրային ու մասնավոր սեփականության վնասների։ «Իրաքի կառավարությունը խստորեն դատապարտում է Իրանի հարձակումը Էրբիլ քաղաքի վրա, որի ընթացքում բալիստիկ հրթիռներ են արձակվել բնակելի շենքերի վրա, ինչը հանգեցրել է քաղաքացիական զոհերի»,- ասվում է հայտարարությունում:

Բացի դրանից՝ Իրաքի վարչապետ Մուհամեդ ալ-Սուդանին հանձնարարել է հանձնաժողով ստեղծել Էրբիլի վրա Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հարվածի հանգամանքները հետաքննելու համար։ 

Հիշեցնենք, որ հունվարի 16-ի գիշերը Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հարվածներ է հասցրել Իրաքի և Սիրիայի թիրախներին։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ իրանական հարվածներն ուղղված են եղել Իրաքում Իսրայելի ազգային հետախուզական ծառայության՝ «Մոսադի» լրտեսական կենտրոնատեղիի դեմ, սակայն Իրաքի իշխանությունները հերքել են այս պնդումները։

#Դետքի_հետագծով

Իրաքյան Քուրդիստանի դեմ իրականացված հարձակումներն առաջացրել են Իրաքի կենտրոնական իշխանությունների դժգոհությունը, որոնք այս հարցով դիմել են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին։ Ավելին՝ Իրաքի իշխանությունները հետ են կանչել Թեհրանում երկրի դեսպանին և Բաղդադում Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ միջադեպը պարզելու համար։

Ավելացնել նոր մեկնաբանություն