Իրանի ռազմական խորհրդականները կրկնապատկելու են իրենց հակաահաբեկչական գործունեությունը․ Աբդոլլահիան
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ իրանցի ռազմական խորհրդականների հակաահաբեկչական գործունեությունը կշարունակվի կրկնապատիկ ուժով։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին Աբդոլլահիանը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում՝ մեկնաբանելով Սիրիային իսրայելական հարվածի հետևանքով իրանցի հինգ ռազմական խորհրդականի զոհվելու փաստը։
«Իրանի ռազմական խորհրդականների գործունեությունն ահաբեկչության դեմ պայքարի և տարածաշրջանի անվտանգության ապահովման գործում կակտիվանա»,- գրել է Իրանի արտգործնախարարը։
Աբդոլլահիանը շեշտել է, որ Իսրայելը ահաբեկչական շարժումների հիմնական աջակիցն է և տարածաշրջանային անվտանգության գլխավոր թշնամին։ Նա միևնույն ժամանակ ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին։
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում բնակելի շենքին իսրայելական հարվածի հետևանքով սպանվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի 4 ռազմական խորհրդական։ Ավելի ուշ Իրանը հայտարարել է նաև հինգերորդ ռազմական խորհրդականի մահվան մասին. վերջինս զոհվել է հարվածի հետևանքով ստացած ծանր վնասվածքներից։
#Դետքի_հետագծով
Վերջին օրերին կտրուկ լարվել է Մերձավոր Արևելքի տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Իրանական կողմն այս համատեքստում հարվածներ է հասցրել Պակիստանի, Իրաքի և Սիրիայի տարածքին՝ հիմնականում թիրախավորելով Իսրայելի աջակցությունը վայելող խմբավորումների դիրքերը։
Ավելացնել նոր մեկնաբանություն