Աբդոլլահիանը պնդում է՝ Իրանի գործողություններն ուղղված էին ահաբեկչական սպառնալիքի չեզոքացմանը
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ իր երկրի վերջին գործողություններն ուղղված էին ահաբեկչական սպառնալիքի չեզոքացմանը։ Ըստ «Դետք»-ի՝ իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը հայտնում է, որ այս մասին նա ասել է Պակիստանի արտգործնախարարի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ՝ անդրադառնալով «Ջեյշ ալ Զուլմ» խմբավորման դեմ վերջերս իրականացված հակաահաբեկչական գործողությանը, որը ստանձնել է բազմաթիվ ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունը։
Աբդոլլահիանը շեշտել է, որ առկա տվյալները վկայում էին այն մասին, որ ավելի քան 50 ահաբեկիչ պատրաստվում էր ահաբեկչություն իրականացնել Իրանի դեմ։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Իրանի գործողությունները կանխել են առկա ահաբեկչական սպառնալիքը։
Իրանի գլխավոր դիվանագետը հայտնել է նաև, որ պաշտոնական Թեհրանը հարգում է Պակիստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Ավելի վաղ Պակիստանի արտգործնախարարությունը հաղորդել էր, որ նախարարները պայմանավորվել են թուլացնել երկկողմ հարաբերություններում ի հայտ եկած լարվածությունն ու քննարկել երկու դեսպանների՝ միմյանց մայրաքաղաքներ վերադառնալու հարցը։
#Դետքի_հետագծով
Իրանական կողմը վերջին օրերին հրթիռային հարվածներ էր հասցրել նաև Պակիստանի սահմաններին, որը երկու երկրների հարաբերություններում որոշակի լարվածություն էր առաջացրել։ Ներկայումս Իրանն ու Պակիստանը ձգտում են թուլացնել այդ լարվածությունը և թույլ չտալ, որ այն ազդի երկկողմ հարաբերությունների վրա։
Ավելացնել նոր մեկնաբանություն