ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությունը հայտարարություն է տարածել կառույցի հետ համագործակցության դադարեցման մասին
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակությունը հունվարի 24-ին կառույցի նիստում հանդես է եկել հայտարարությամբ. «ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները վիճարկելու նախաձեռնությունը մենք համարում ենք այս կեղտոտ քարոզարշավի մաս։ Մենք այս նախաձեռնությունը համարում ենք նաև Ադրբեջանում ընթացող ընտրական գործընթացին միջամտելու նպատակաուղղված և անընդունելի փորձ՝ որպես Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը խոչընդոտող քայլ։
Աշխարհում ոչ ոք, այդ թվում՝ այս դահլիճում նստածները, չեն կարող Ադրբեջանի հետ խոսել սպառնալիքների լեզվով։ ԵԽԽՎ պատմության մեջ երբևէ այս կազմակերպությունը նման խայտառակ պահվածք չի ունեցել»։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։
ԵԽԽՎ-ում ռասիզմի, ադրբեջանաֆոբիայի և իսլամաֆոբիայի ֆոնին ադրբեջանական պատվիրակությունը որոշել է անորոշ ժամանակով դադարեցնել ԵԽԽՎ-ի հետ համագործակցությունը և կառույցին մասնակցությունը։
Նշենք, որ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովն առաջարկել էր չհաստատել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները։ Որոշումն ընդունվել էր ձայների մեծամասնությամբ։ Մոնիտորինգի հանձնաժողովը համարում է, որ ադրբեջանական պատվիրակության լիազորությունները չպետք է հաստատվեն առնվազն մեկ տարի։
Ավելացնել նոր մեկնաբանություն