Submitted by D.Guyumjyan on
detq

Իրանը Հայաստանի համար չի կռվի. իսրայելցի փորձագետ

Իսրայելի խորհրդարանի նախկին պատգամավոր, քաղաքագետ Ալեքսանդր Ցինկերը կարծում է, որ Իրանը պատերազմի մեջ չի մտնելու, Հայաստանի համար չի կռվելու։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին Ցինկերն ասել է «NEWS.am»-ի թղթակցին տված հարցազրույցում։

Ցինկերը շեշտել է, որ Թեհրանը կարող է քաղաքական հայտարարություններ անել, բայց ռազմական գործողությունների չի դիմի: Նրա խոսքով՝ Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները կարող են վատթարանալ և բարելավվել, սակայն Իրանը հասկանում է, որ տասնյակ միլիոնավոր ադրբեջանցիներ ապրում են իր հյուսիսային նահանգներում։

Ցինկերը սա անվանել է պոտենցիալ սպառնալիք Իրանի համար, ուստի Թեհրանը, նրա կարծիքով, դժվար թե ուղիղ հակամարտության մեջ մտնի Բաքվի հետ։ «Սա պետք չէ նաև Ադրբեջանին` չնայած այն հանգամանքին, որ նրան կարող է մղել Թուրքիան Իրանի հետ մեծ Մերձավոր Արևելքում առաջնորդության համար մղվող պայքարի ֆոնին»,- նշել է փորձագետը։

Վերջինս նախադրյալներ չի տեսնում, որ տեսանելի ապագայում Իրանի և Ադրբեջանի միջև ուղղակի ռազմական բախումներ կլինեն։ Ըստ նրա՝ գոնե մոտ ապագայում դա անհնար է։

Քաղաքագետը նաև նշել է, որ Իրանն ինքը գրեթե երբեք չի մասնակցում որևէ հակամարտության, դրա համար ունի պրոքսի ուժեր՝ ի դեմս ՀԱՄԱՍ-ի, «Հիզբոլլահի» և հութիների։

Ցինկերը հավելել է, որ Հայաստանը շատ քիչ դաշնակիցներ ունի՝ սեփական ժողովուրդն ու բանակը։ Նա հայկական կողմին խորհուրդ է տվել այլ տարբերակներ դիտարկել։ «Գուցե դա կլինի Ֆրանսիան կամ Եվրամիությունը՝ հաշվի առնելով դիտորդների առկայությունը հայ-ադրբեջանական սահմանին, ինչը որոշ չափով զսպող գործոն է»,- եզրափակել է փորձագետը։

Ավելացնել նոր մեկնաբանություն