Արևմուտքին չի հաջողվի անկայունություն հրահրել Ռուսաստանում․ Նարիշկին
Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ Արևմուտքն այնքան ինքնավստահ է դարձել ցանկացած երկրում իրավիճակն ապակայունացնելու իր կարողության հարցում, որ մտածում է նույնն անել Ռուսաստանում, բայց ոչինչ չի ստացվի։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է ռուսական պետական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։
Նարիշկինն ասել է, որ հետախուզական տվյալների համաձայն՝ արևմտյան երկրների իշխանություններն ու հետախուզական ծառայությունները տեսնում են, որ իրավիճակը Ռուսաստանի ներսում կայուն է, և ժողովուրդը համախմբվել է երկրի ղեկավարության շուրջը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և նրանց դաշնակիցները պատրաստ են դիմել «ամենաստոր սադրանքների, որպեսզի փոխեն իրադարձությունների ընթացքը հօգուտ իրենց»։
«Արևմտյան հետախուզական ծառայությունները՝ առաջին հերթին բրիտանական «MI6»-ը, պատրաստում են ուկրաինական դիվերսիոն և հետախուզական խմբեր, որոնց նպատակներից է նաև սադրանքներ գործել Ռուսաստանի Դաշնության ատոմակայաններում: Այսօր, երբ Արևմուտքը պարտություն է կրում Ուկրաինայի տարածքում, բազմատեսակ սադրանքներ իրականացնելու հավանականությունը շատ մեծ է»,- եզրափակել է Նարիշկինը։
Ավելացնել նոր մեկնաբանություն