Իրանն ու Թուրքիան կհամագործակցեն էներգիայի վերականգնվող աղբյուրների ոլորտում
Իրանի Իսլամական Հանրապետության վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության կազմակերպության ու թուրքական EFOR ընկերության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ ուղղված վերականգնվող էներգետիկայի ոլորտում մասնագիտացված ցուցահանդեսների և միջոցառումների անցկացմանը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ համագործակցության ընդլայնման նպատակով հուշագիրը ստորագրել են Իրանի վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության կազմակերպության միջազգային հարցերով գլխավոր տնօրեն Մասուդ Ռեզաին և թուրքական EFOR ընկերության ռազմավարական հարցերով գլխավոր տնօրեն Գարի Գրոսը։
Ավելի վաղ տեղի ունեցած հանդիպման ժամանակ կողմերն ընդգծել են երկու երկրների պաշտոնյաների փոխգործակցության և համագործակցության կարևորությունը ցուցահանդեսների համատեղ անցկացման ու ներդրումային հնարավորություններից օգտվելու համար՝ որպես համատեղ ձեռնարկություն։
EFOR-ը Իզմիրում մաքուր էներգիայի տեխնոլոգիաների ցուցահանդեսի կազմակերպիչներից է, որը կոչվում է «WENERGY Clean Energy Expo», այն կանցկացվի Անկարայում 2024 թվականի մայիսի վերջին՝ վերականգնվող էներգիայի, էլեկտրականության ոլորտում աշխատող առաջատար միջազգային ընկերությունների մասնակցությամբ։ Ընկերությունն արտադրում է էլեկտրական տրանսպորտ և խելացի ցանցեր, զբաղվում է տվյալների պահպանմամբ: Այն իրանական ընկերություններին հրավիրել է մասնակցել ցուցահանդեսին։
#Դետքի_հետագծով
Իրանի Իսլամական Հանրապետությունը և Թուրքիան վերջին տարիներին մի շարք ոլորտներում ընդլայնում են փոխգործակցությունը։ Այդ ոլորտներից մեկն էլ էներգետիկ փոխգործակցությունն է, ինչը բխում է երկու երկրների շահերից։
Ավելացնել նոր մեկնաբանություն