Ուկրաինայի ամբողջականությունն ու անվտանգությունը, անկասկած, շատ կարևոր են մեզ համար․ թուրք նախարար
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է ռուս-ուկրաինական պատերազմին՝ նշելով, որ Ուկրաինայի ամբողջականությունն ու անվտանգությունն իրենց համար շատ կարևոր են: Այս մասին տեղեկանում ենք թուրքական «TRT haber»-ից։
Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթի հետ Ուրալօղլուն մասնակցել է Ստամբուլում կայացած «Ուկրաինայի վերակառուցում» համաժողովին։
Ուրալօղլուն նախքան համաժողովը հանդիպել է Ուկրաինայի փոխվարչապետի և համայնքների ու տարածաշրջանների ենթակառուցվածքների զարգացման նախարար Ալեքսանդր Կուբրակովի գլխավորած պատվիրակության հետ։
Երկու պատվիրակությունների միջև հանդիպման ընթացքում քննարկվել են Ուկրաինայի շինարարության գործընթացը, երկու երկրների միջև համագործակցության հնարավորությունները և ենթակառուցվածքային նախագծերը, որոնց թուրքական ընկերություններն ակտիվորեն մասնակցելու են։
Հանդիպման ընթացքում թուրք նախարարը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի համատեքստում ասել է. «Ուկրաինայի ամբողջականությունն ու անվտանգությունը, անկասկած, շատ կարևոր են մեզ համար, և մեր նախագահը շատ հստակ կամք դրսևորեց այդ պահին: Հուսով եմ՝ շուտով այնտեղ խաղաղություն կհաստատվի»։
Ավելացնել նոր մեկնաբանություն