Եվրոպական որոշ երկրներ չեն ցանկանում խաղաղություն Հարավային Կովկասում. Գաֆարովա
«Ադրբեջանը հարգում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը և ցանկանում է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն հաստատել»,- այս մասին Բաքվում Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան:
«Բաքուն նաև հանդես է գալիս Երևանի հետ մոտ ապագայում խաղաղության պայմանագրի ստորագրման օգտին»,- ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` ասել է Գաֆարովան։
Նրա խոսքով՝ «եվրոպական որոշ երկրներ, մասնավորապես Ֆրանսիան, չեն ցանկանում խաղաղություն Հարավային Կովկասում»։
«Փարիզը փորձում է իր նեոգաղութատիրական քաղաքականությունը տարածել նաև այս տարածաշրջանում»,- ասել է Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը։
Բաքուն բազմիցս Փարիզին մեղադրել է «միակողմանի մոտեցման ու հայամետ դիրքորոշման համար»՝ վերջին շրջանում փաստացի բոյկոտելով բանակցային բոլոր այն հանդիպումները, որոնց մասնակցելու էր Ֆրանսիայի նախագահը։
Ավելացնել նոր մեկնաբանություն