Իրանի ԱԳՆ-ն Ադրբեջանին հորդորել է զսպվածություն դրսևորել
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին Ադրբեջանի իշխանություններին հորդորել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան նկատմամբ կատարված հարձակման վերաբերյալ հայտարարություններում զսպվածություն դրսևորել։
Ինչպես հաղորդում է իրանական IRNA լրատվական գործակալությունը, Քանաանին այս մասին ասել է՝ պատասխանելով Թեհրանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատանը տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հարցին։
Խոսնակը հայտնել է, որ դեսպանատան վրա հարձակվողն անմիջապես ձերբակալվել է Իրանի ոստիկանության կողմից, իսկ երկրի դատական համակարգը մանրակրկիտ հետաքննում է գործի բոլոր ասպեկտները: Նրա խոսքով՝ Իրանը և Ադրբեջանը կարող են համագործակցել բարեկամության մթնոլորտում, այդ թվում՝ նաև այս հարցի շուրջ։
«Իրանի Իսլամական Հանրապետության կողմից ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ ջանքերը, որպեսզի այս ողբերգական միջադեպի հետևանքները վերացվեն, հարցը չազդի երկու երկրի հարաբերությունների վրա, և քաղաքական հարաբերությունները մնան ամուր։ Երկու կողմերն էլ կարող են համագործակցել բարեկամության մթնոլորտում և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել այս ոլորտում»,- հավելել է դիվանագետը։
Անդրադառնալով Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատանքի դադարեցմանը՝ Քանաանին ընդգծել է, որ միջադեպն անհրաժեշտ է հետաքննել առանց շտապողականության և նախապաշարումների։ Նա կարևորել է, որ այս հարցում նույնպես ադրբեջանական կողմը զսպվածություն դրսևորի։
Հիշեցնենք, որ հունվարի 27-ին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան նկատմամբ զինված հարձակում է իրականացվել, որի հետևանքով Ադրբեջանը տարհանել է դեսպանատան աշխատակիցներին։
Ավելացնել նոր մեկնաբանություն