Թեհրանը հայտնում է, որ պատժամիջոցների վերացման հարցով բանակցություններում առկա է դինամիկա
Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին հայտարարել է, որ երկրի նկատմամբ սահմանված պատժամիջոցների վերացման հարցով բանակցություններում առկա է դինամիկա։ Այս մասին տեղեկացնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։
«Տարբեր մակարդակներում պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունների ֆոնին հաղորդագրությունների փոխանակում կա, և Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ բարեխղճորեն ողջունել է այդ ջանքերն ու գործողությունները»,- ասել է Քանաանին։
Մեկնաբանելով ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր քարտուղարի հնարավոր այցն Իրան՝ Քանաանին նշել է, որ Թեհրանի և գործակալության միջև երկկողմ համագործակցությունը շարունակվում է։ Նրա խոսքով, Վիեննայում Իրանի դեսպանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև բանակցություններից բացի, տեղի են ունենում նաև փորձագիտական բանակցություններ։
«Նախապատրաստական գործընթացի ավարտով այս այցը կարող է լինել ապագայում, և պետք է դրվեն դրա տեխնիկական հիմքերը»,- հավելել է նա։
Անդրադառնալով Կատարի արտգործնախարարի՝ Թեհրան կատարած այցին՝ Քանաանին նշել է, որ Կատարը տարածաշրջանում Իրանի բարեկամ երկրներից մեկն է։ «Կատարը բարեխղճորեն դիվանագիտական ջանքեր է գործադրել՝ օգնելու ավելի մոտեցնել տեսակետներն Իրանի և այլ կողմերի միջև տարբեր հարցերի շրջանակում, այդ թվում՝ պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունների ընթացքում»,- եզրափակել է նա:
Ավելացնել նոր մեկնաբանություն