Submitted by detq-editor on
Իրանը հերքում է Ռուսաստանի հետ համատեղ անօդաչու թռչող սարքերի գործարան կառուցելու մասին պնդումները

Իրանը հերքում է Ռուսաստանի հետ համատեղ անօդաչու թռչող սարքերի գործարան կառուցելու մասին պնդումները

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին հերքել է լրատվամիջոցների այն պնդումները, որոնց համաձայն՝ Իրանը և Ռուսաստանը ծրագրում են անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության գործարան կառուցել։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։

 

Քանաաանին այդ տեղեկությունները որակել է շինծու և նշել, որ դա Արևմուտքի դավադրության մաս է՝ ուկրաինական պատերազմում իրենց մեղքը ծածկելու համար: «Ցավոք, այն երկրները, որոնք պատերազմող մի կողմին զենքի և ռազմական տեխնիկայի ամենամեծ արտահանողներն են, կեղծ լուրեր տարածելով, ցանկանում են մոլորեցնել աշխարհի հասարակական կարծիքը»,- ասել է նա։

 

Պաշտոնյան նշել է նաև, որ Թեհրանն անգամ նման ծրագիր չունի։ Նա հավելել է, որ Իրանը քաջալերում է կողմերին գնալ քաղաքական լուծման, ինչպես նաև կոչ է անում միջազգային հանրությանն աջակցել քաղաքական լուծմանը, որը վերջ կդնի պատերազմին։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ «The Wall Street Journal» պարբերականը հայտնել է, որ Ռուսաստանն ու Իրանը նախատեսում են Ռուսաստանում գործարան կառուցել՝ իրանական առնվազն 6000 անօդաչու թռչող սարք արտադրելու համար: Ռուսաստանը նույնպես հերքել է այս պնդումները։

Ավելացնել նոր մեկնաբանություն