Submitted by D.Guyumjyan on
դետք

Լրացել է Իրանի Իսլամական հեղափոխության 45-ամյակը․ տոնակատարություններին 25 մլն մարդ է մասնակցել

Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-րդ տարեդարձին նվիրված տոնակատարություններին շուրջ 25 միլիոն մարդ է մասնակցել։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Իրանի ներքին գործերի փոխնախարար Մաջիդ Միրահմադին հայտնել է, որ այս տարի փետրվարի 11-ին Իսլամական հեղափոխության հաղթանակին նվիրված տոնակատարություններին և տարբեր ցույցերին մասնակցած մարդկանց թիվը անցյալ տարվա համեմատ աճել է միջինն ավելի քան 20%-ով, իսկ որոշ նահանգներում՝ ավելի քան 50%-ով: Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ 2023 թվականին այս թիվը կազմել է մոտավորապես 21 միլիոն։

Իրանի ներքին գործերի փոխնախարարն ընդգծել է նաև, որ չնայած տոնին ներկա քաղաքացիների թվի նվազեցմանը նպաստելու թշնամիների փորձերին և Քերմանում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով երկրում իրավիճակն անապահով ներկայացնելու ջանքերին՝ նրանց ծրագրերն անհաջողության մատնվեցին:

Նշենք, որ Իրանում բնակվում է ավելի քան 88 միլիոն մարդ։

#Դետքի_հետագծով

Իրանական տոմարով բահման ամսվա 22-ը, որն այս տարի համընկել է փետրվարի 11-ի հետ, երկրի գլխավոր ազգային տոներից մեկն է։ Այդ օրը համարվում է Իսլամական հեղափոխության վերջնական հաղթանակի օրն Իրանի վերջին շահ Մոհամմադ Ռեզա Փահլավիի կառավարման (1941-1979 թթ․) դեմ պայքարում։

Ուղիղ 45 տարի առաջ ամիսներ շարունակվող ցույցերից հետո բանակը հայտարարեց իր չեզոքության մասին, իսկ խորհրդարանը և ոստիկանությունն անցան բողոքողների կողմը։ Բահմանի 22-ն Իսլամական հեղափոխության տարեդարձի 10-օրյա տոնակատարության եզրափակիչ փուլն է:

Ավելացնել նոր մեկնաբանություն