Submitted by D.Guyumjyan on
detq

Իսրայելը ՀԱՄԱՍ-ի գրոհից հետո կանգուն է մնացել ԱՄՆ-ի շնորհիվ. Աբդոլլահիան

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման 2023 թ. հոկտեմբերի 7-ի գրոհից հետո ԱՄՆ աջակցությունն է Իսրայելին օգնել կանգուն մնալ։ Ըստ «Դետք»-ի՝ իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը հայտնում է, որ այս մասին Աբդոլլահիանն ասել է պաղեստինյան դիմադրության առաջնորդների հետ հանդիպման ժամանակ։

«Իսրայելական վարչակարգն ընկավ «Ալ-Աքսայի» հեղեղումից հետո, և եթե չլիներ ԱՄՆ լիարժեք միջամտությունը՝ հաջակցություն սիոնիստական վարչակարգի և նրա վերածննդի ու փրկության ջանքերի, այդ կործանումը լիովին ակնհայտ կլիներ»,- ասել է նա։

Իրանի արտգործնախարարը պնդել է, որ Իսրայելը և ԱՄՆ-ն չեն հասել Գազայի հատվածում հայտարարված ռազմական նպատակներին և հիմա ստիպված են բանակցություններ վարել ՀԱՄԱՍ-ի հետ։ Ըստ նրա՝ Իսրայել պետությունն անպայման կշարունակի պատերազմը և կընդլայնի մարտական գործողությունների ծավալը, եթե անհրաժեշտ ռեսուրսներ ստանա։

«Արևմտյան երկրների զգալի մասը բանակցությունների ընթացքում խոստովանում է, որ պատերազմը ելք չէ և անհրաժեշտ է փնտրել պաղեստինյան հարցի քաղաքական լուծում։ Գազայի հետպատերազմյան վերականգնման և Պաղեստինի ապագա քաղաքական կարգի հարցերը պետք է լուծվեն միայն պաղեստինցիների շահերի հաշվառման հիման վրա​​​​​​​»,- ասել է նա։

Աբդոլլահիանը շնորհակալություն է հայտնել Պաղեստինի ազատագրման կողմնակիցներին Լիբանանում, Եմենում, Իրաքում և Սիրիայում՝ վճռական աջակցության համար։ Նա հավելել է, որ սիոնիստական ռեժիմի ջախջախման գործում գլխավոր դերը խաղացել են պաղեստինյան խմբավորումների համաձայնեցված գործողությունները։

#Դետքի_հետագծով

Իսրայելը վերջին օրերին կտրուկ մեծացրել է Գազայի հատվածում իրականացվող ռազմական գործողությունների ինտենսիվությունը, ինչի համար արժանացել է անգամ իր դաշնակիցների քննադատություններին։ Չնայած բազմաթիվ կոչերին՝ այս երկիրը չի դադարեցնում ռազմական գործողությունները, ինչն առաջացնում է Իրանի դժգոհությունը, որն էլ իր հերթին փորձում է լրացուցիչ ճնշումներ գործադրել Իսրայելի նկատմամբ և վերջինիս դեմ իսլամադավան երկրների կոալիցիա ձևավորել։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն